Հասան Ռոհանի. Իրանի միջուկային խնդրի հարցում 40 օրվա ընթացքում հնարավոր է հասնել վերջնական համաձայնության
«Աշխարհն ընդունել է, որ Իրանը պետք է միջուկային տեխնոլոգիաներ ունենա»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը հեռուստատեսությամբ ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցությունների ընթացքին, մասնավորապես նշել է. «Մենք՝ որպես Իրանի ներկայացուցիչ, մասնակցում ենք բանակցություններին, և եթե հոգևոր առաջնորդի աջակցությունն ու իշխանության երեք թևերի փոխհամաձայնությունը չլիներ, խնդիրներ կունենայինք, սակայն ներկայում բանակցային գործընթացը գտնվում է լավ պայմաններում և մենք կարծում ենք, որ 40 օրվա ընթացքում հնարավոր է հասնել վերջնական համաձայնության»:
Շարունակելով խոսքը՝ Հասան Ռոհանին հավելել է. «Աշխարհն ընդունել է, որ Իրանը պետք է միջուկային տեխնոլոգիաներ ունենա, միևնույն ժամանակ ընդունել է, որ այդ հարցում առկա խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով»:
Նշենք, որ 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնագիր էր ստորագրվել, համաձայն որի՝ վեցամսյա ժամկետում համապարփակ համաձայնագիր ստորագրելու նպատակով կողմերը պետք է բանակցություններ անցկացնեին: Ս.թ. հուլիսի 20-ին ավարտվեցին բանակցությունները, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան. Որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս 4 ամսով, մինչև 2014թ. նոյեմբերի 24-ը:
Հավելենք, որ այսօր ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիեննա, որտեղ տեղի կունենա Իրանի և Միացյալ Նահանգների ԱԳ նախարարների երկկողմ և Իրանի, ԱՄՆ-ի ԱԳ նախարարների և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի եռակողմ հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան