UNICEF-ը խնամատար ընտանիքների մասով ֆինանսական աջակցություն է առաջարկում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ընդունել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ անդամ երկրների տարածաշրջանի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գրասենյակի տնօրեն Մարի Պիեռ Պուարեի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկանում ենք նախարարությունից` հանդիպման ընթացքում նախարար Ասատրյանն իր գոհունակությունն է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ սերտ և առարկայական համագործակցության համար և, նշելով, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ արդեն 20 տարվա համագործակցության փորձ ունի, իր երախտագիտությունը հայտնել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերի և նախարարության քաղաքականությանն աջակցելու համար:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի տնօրեն Մարի Պիեռ Պուարեն, իր հերթին, նույնպես կարևորել է նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կապը՝ համարելով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևոր դաշնակից է իրենց համար: Պաշտոնյան միաժամանակ նշել է, որ իրազեկված է կատարված և ընթացիկ ծրագրերին:
Հանդիպման ընթացքում Մարի Պիեռ Պուարեն խոսել է ինտեգրված սոցիալական ծառայության մասին՝ որակելով այն շատ կարևոր և ոգևորիչ նախաձեռնություն: Անդրադարձ է կատարվել խնամատար ընտանիքների ֆինանսավորման խնդրին և գնահատվել են ընթացիկ փուլում իրականացված աշխատանքները: Մարի Պիեռ Պուարեն խնամատար ընտանիքների մասով լայնածավալ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ ֆինանասական աջակցություն է առաջարկել:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի տնօրենն անդրադարձել է նաև հասարակության մեջ սոցիալական աշխատողի դերին և գործունեությանը, այս առնչությամբ հետաքրքրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող աշխատանքների մասին:
Արտեմ Ասատրյանը, կարևորելով սոցիալական աշխատողի ինստիտուտը, նշել է, որ այսօր Հայաստանում սոցիալական աշխատողը ավելի շատ վարչարարական գործունեությամբ է զբաղվում, մինչդեռ նրանց գործունեությունը պետք է ուղղված լինի հասարակության խոցելի խմբերի խնդիրների վերհանմանը և համապատասխանաբար դրանց ուղղությամբ անհատական սոցիալական ծրագրերի իրականացմանը: Նախարարի ներկայացմամբ՝ սոցիալական աշխատողը պետք է կանխարգելիչ դեր կատարի խոցելի ընտանիքներում, գնահատի ընտանիքի կարիքները, երեխային ուղղորդի կրթական հաստատություն՝ զերծ պահելով նրան ոչ բարենպաստ միջավայրից կամ մանակատուն ընկնելուց:
«Միայն նման դեպքում պետական բյուջեի միջոցներն ավելի հասցեական ու նպատակային կդառնան և կծառայեն իրենց բուն նպատակին»,-իր խոսքում նշել է նախարարը:
Նա նաև տեղեկացրել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը դառնալու է ինտեգրված սոցիալական ծառայությունների մի մասը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան