Բորիս Նավասարդյան. Չի կարելի ՀՀ-ում ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերը չկապել իրար
Չի կարելի Հայաստանում ձևավորել ներքին քաղաքական օրակարգ, արտաքինը` կոնկրետ այս պարագայում Եվրասիական տնտեսական միությանն Հայաստանի անդամակցությունը, հաշվի չառնելով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նա նշեց, թեև Հայաստանի ընդդիմությունը, որն իրեն կոչում է ոչ իշխանական քաղաքական ուժեր, հայտարարում է, որ ՀՀ-ի ԵՏՄ-ին անդանակցությունն ու ներքաղաքական գործընթացներն իրար հետ կապ չունեն, բայց անպայման այդ գործընթացները պետք է կապվեն իրար, այլապես ՀՀ-ում ներքին քաղաքական օրակարգն իմաստազրկվում է:
«Ներքին խնդիրները Եվրասիական տնտեսական միությունից դուրս չի կարելի դիտարկել: Հայաստանում շատ խնդիրների լուծումներ կախված են լինելու, թե ինչ որոշումներ են կայացնելու Հայաստանի վերաբերյալ ԵՏՄ-ում»,- ասաց Բ. Նավասարդյանը:
Ըստ նրա, ԵՏՄ-ին անդամակցությամբ չի կարելի բացառել լուրջ սպառնալիքներ կապված ղարաբաղյան խնդրի հետ. «Մեր մոտ փորձում են ուղղակի աչքերը փակել այդ վտանգների առջև: Վտանգավորն այն է, որ աչքերը փակում է և իշխանությունը, և ոչ իշխանական ուժերը: Մինչդեռ սա ներքին քաղաքական օրակարգի հարց պետք է դարձնեն»:
Ինչ վերաբերում է ոչ իշխանական եռյակի հանրահավաքներին, ըստ նրա, գոնե կազմակերպիչներից մեկը մարդկանց բերելու ռեսուրսներ ունի, կապ չունի թե ինչ միջոցառում է, կարող է լինել նաև եկեղեցու բացում:
«Հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքում կային նաև մարդիկ, ովքեր հետաքրքրության համար էին գնացել հրապարակ: Այսինքն խոսել, որ այնտեղ բոլոր հավաքվածներն այդ ուժերի համակիրներն էին, դժվար է ասել: Հետագա հանրահավաքները ցույց կտան, թե այն օրակարգը, որն առաջարկվում է ոչ իշխանական ուժերի կողմից, ինչ արձագանք է գտնում հասարակության մեջ: Եթե տեսնեն, որ արհեստական ձևով է լցվում հրապարակը, այդ հանրահավաքների իմաստը կզրկվի ու հնարավոր է քաղաքական պայքարը տեղափոխվի մեկ այլ օրակարգ»,- նշեց Բ. Նավասարդյանը: