Արտաքին պարտքի կառավարման հարցում ՀՀ-ի հնարավորությունները շատ ավելի մեծ են. Ճշմարիտյան
«Այսօրվա դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը 4 մլրդ դոլարից ավելի է, սակայն պարտքը ամեն տարի մարվում է և այսօր կարող ենք նշել, որ մենք պիկը հաղթահարել ենք»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` հավելելով, որ այսօր ավելի մեղմ է պարտքի կառավարումը:
Ընդհանրապես, ըստ նախարարի, արտաքին պարտքի վերաբերյալ հարցերը քննարկելիս Հայաստանի Հանրապետության տնտեսությունը պետք է դիտարկել որպես մեկ միավոր: Այսինքն` Հայաստանը մեկ տնտեսական միավոր է համաշխարհային տնտեսության մեջ, իսկ ցանկացած տնտեսական միավոր իր գործունեությունը կազմակերպելիս որոշակի պարտքային բեռ է իր վրա վերցնում` հաշվի առնելով իր տնտեսական հնարավորությունները, իր տնտեսության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև իր հետագա հնարավորությունները այդ պարտքերը կառավարելու և տնտեսությունը զարգացնելու առումով:
«Շեշտադրումը պետք է լինի հետևյալը` մենք դա կարո՞ղ ենք կառավարել, թե՞ ոչ, որքանով են դրանք նպաստում մեր տնտեսության արդյունավետության բարձրացմանը, երկարաժամկետ զարգացման համար հետագայում այդ բեռը որքան է լինելու: Այս հաշվարկները, իհարկե, կառավարությունը անում է և երբեք ՀՆԱ-ի աճից առավել մեծ բեռ մենք չենք վերցրել»,- ասաց Կ.Ճշմարիտյանը:
Նա միաժամանակ նշեց, որ այս պարտքի կառավարման հարցում ՀՀ-ի հնարավորությունները շատ ավելի մեծ են, պարզապես պետք է այդ հնարավորությունները առավել արդյունավետ օգտագործել:
«Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով ենք մենք կազմակերպված, որքանով ենք կարողանում ճիշտ կառավարել տնտեսությունը, և այնպիսի հարաբերություններ պետք է ստեղծենք իրական հատվածում, որը կապահովի տնտեսության հետագա արդյունավետ զարգացումը»,- նշեց նախարարը: