Մեր առաջնային խնդիրը ոչ թե գնաճն է, այլ քաղաքացիների եկամուտների ավելացումը. Կարեն Ճշմարիտյան
«Եվրասիական տնտեսական միությանն ՀՀ-ի անդամակցությունից հետո մտավախություն չունենք, որ հայկական արտադրությունը կտուժի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք ԵՏՄ-ին անդամակցությունից հետո տեղական արտադրության ծավալները կնվազեն:
«Իրականում նման բան հնարավոր չէ, քանի որ Հայաստանն ունի իր արտադրական պոտենցիալը, որն էլ այսօր ներկայացնում է ամբողջ աշխարհում»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ երկրների միջև մրցակցությանը, Կ.Ճշմարիտյանը նկատեց, որ այդ երկրների հետ ավելի քան 20 տարի Հայաստանն ունի ազատ առևտրի ռեժիմ, կապիտալի և ֆինանսների ազատ տեղաշարժ:
«Իհարկե, որոշակի սահմանափակումներ եղել են, հիմա գնում է առավել պարզեցում: Օրինակ` եթե Ռուսաստանի Դաշնություն ապրանք ներմուծելիս սահմանին վճարվում էր ԱԱՀ, ապա հիմա այլ կերպ է վճարվելու: Այսինքն` ապրանքները առանց ԱԱՀ-ի վճարման մուտք են գործելու ՌԴ: Պարզեցում լինելու է նաև փաստաթղթերի մեջ, ինչն ապրանքն իրացնելու առավել մեծ հնարավորություն է տալու»,- ընդգծեց Կ.Ճշմարիտյանը:
Նրա խոսքերով` այս առումով որևէ հիմք չկա, թե տեղական արտադրությունը կտուժի: Եթե կարողանում ես ապրանքը արտադրել, արտահանել և իրացնել այլ շուկաներում, հետևաբար, այդ գումարները հետագայում ծառայելու են արտադրության ծավալների ավելացմանը և նոր շուկաներ մուտք գործելուն:
Անդրադառնալով ԵՏՄ անդամակցության դեպքում ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև մաքսակետ դնելու հարցին` Կ.Ճշմարիտյանը նշեց, որ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության պայմանագրում Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրելու մասին կետ չկա:
Հարցին, թե ԵՏՄ-ին անդամակցությունից հետո որքա՞ն կլինի գնաճը, էկոնոմիկայի նախարարն ասաց, որ անդամակցումը 2015-ի գնաճի կանխատեսման վրա ազդեցություն չի ունենա: Նրա խոսքերով` հաջորդ տարվա բյուջեն ներկայացնելիս գնաճին վերաբերյալ կանխատեսումները կներկայացվեն:
«Բայց կարող եմ նշել, որ գնաճի վրա ազդեցությունն այս մասով հաջորդ տարի չենք ունենալու, քանի որ այն բացառությունները, որ արել են տարիֆների մասով, որոնք գործելու են 3-8 տարի ժամկետով, կախված է տնտեսության հետագա զարգացումից: Խնդիրն, այնուամենայնիվ, գնաճը չէ, մեր առաջնային խնդիրը քաղաքացիների եկամուտների ավելացումն է: Եթե բարձր եկամուտներ լինեն, գնաճային ճնշումները բարեկեցության վրա այդքան մեծ չեն լինի»,- ասաց Կարեն Ճշմարիտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները