IRFS. Վերջին 2 ամիսներին Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներն աննախադեպ են
Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտը (IRFS) խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ արշավը և կոչ է անում իշխանություններին՝ անմիջապես վերջ տալ ոտնձգություններին։
Ինչպես նշվում է, Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ քրեական զրպարտության հայցը, Հայաստանի հետ համագործակցելու համար նրան պետական դավաճանության մեջ մեղադրելը և վերջերս Բաքվի օդանավակայանում նրան պահելը հստակ ցույց են տալիս, որ նրա ձերբակալությունը կարող է անխուսափելի լինել։
Վերջերս դատախազության կողմից նրա նկատմամբ սահմանվել է ճամփորդական արգելք, որի պատճառով հոկտեմբերի 12-ին Իսմայիլովան չկարողացավ մեկնել Պրահա և մասնակցել միջազգային ֆորումի։ Լրագրողին, սակայն, չեն ներկայացրել ճամփորդական արգելքի մասին դատարանի որոշումը։
Առանց օրինական հիմքերի ճամփորդական արգելքը կոպտորեն խախտում է Իսմայիլովայի տեղաշարժման ազատությունը, որն ամրագրված է Ադրբեջանի կողմից վավերացված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում։
IRFS-ը նշում է, որ Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ հետապնդումները կապված են նրա գործունեության հետ, ով հետաքննել է Ադրբեջանի նախագահի ընտանիքի հետ կապված աղմկահարույց կոռուպցիոն դեպքերը, միջազգային հանրությանը տեղեկացրել Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների իրավիճակի մասին։
IRFS-ը միջազգային հանրությանը հիշեցնում է, որ վերջին 2 ամիսներին Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարման առումով աննախադեպ են եղել։ Մարդու իրավունքների բնագավառում Ադրբեջանի կառավարության ռեպրեսիվ քաղաքականությունն ավելին քան ակնհայտ է։
Կազմակերպությունը միջազգային կառույցներին՝ հատկապես Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ-ին, կոչ է անում ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության նկատմամբ՝ խոսքի ազատության ապահովման համար իր ստանձնած պարտավորությունների կատարման համար և մասնավորապես պահանջել ապաքրեականացնել զրպարտության մասին օրենքը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա