ՀԲ-ի և ԱՄՀ-ի համար Հայաստանը իր պարտավորությունները ժամանակին կատարող երկիր է
Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետի և կառավարության անդամների հետ հանդիպումների ժամանակ առաջին և կարևոր շեշտադրումը եղել է այն, որ Հայաստանը ՀԲ-ի համար հանդիսանում է վստահելի գործընկեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ` ամփոփելով ՀՄ-ի և ԱՄՀ-ի տարեկան ժողովի արդյունքները: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-12-ը Վաշինգտոնում կայացել է Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը:
Նրա խոսքերով` քննարկումների ժամանակ մեկ անգամ ևս շեշտվել է, որ ՀՀ-ն եղել է իր պարտավորությունները ժամանակին ու արդյունավետ կատարող երկիր:
«Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմադրամը լիահույս են, որ մեր հետագա համագործակցությունը կզարգանա առավել ակտիվ, կընդլայնվեն այն ոլորտները, որոնք Հայաստանի տնտեսության զարգացման համար կայուն ու նպաստավոր պայմաններ են ապահովելու»,- ընդգծեց Կ. Ճշմարիտյանը:
Ըստ նախարարի` ՀԲ-ի ու ԱՄՀ-ի կողմից առաջ քաշված գերակա ուղղությունները համընկնում են ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում նախանշված գերակայությունների հետ: Առաջինը` մարդկային կապիտալում ներդրումների հարցն է, երկրորդը` շուկաների բազմազանության ու հասանելիության, երրորդ` էներգետիկ ռեսուրսների կայուն ապահովման հարցերը: «Այս երեք շեշտադրումները տարեկան ժողովներում դրվեցին որպես համաշխարհային տնտեսության հետագա զարգացման համար կարևոր գրավականներ: Այս երեք մոտեցումները լիովին համահունչ են ՀՀ ընտրած տնտեսական քաղաքականությանը ու համընկնում են այն առաջնահերթունների հետ, որոնք դրված են եղել ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում»,-նշեց Կ.Ճշմարիտյանը:
Ըստ նախարարի` բոլոր բանակցությունների ժամանակ ընդգծվել է, որ Հայաստանի հետագա կայուն տնտեսական զարգացման ռազմավարությունը պետք է կառուցված լինի ինովացիոն համակարգի ներդրման և մարդկային մտավոր ունակությունների ապահովման վրա:
Անդրադառնալով ՀԲ-ի հետ համագործակցությանը, Կ.Ճշմարիտյանը նշեց, որ ավելի քան 20 տարվա համագործակցության ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ Համաշխարհային բանկի ներդրումները 13 ծրագրերի համար կազմել են 2 մլրդ դոլար:
Նրա խոսքերով` 2014-2017թթ. Հայաստանի և ՀԲ-ի համագործակցության շրջանակներում տնտեսական զարգացմանն ու պետական կառավարման կատարելագործմանն ուղղված 13 ծրագրերի համար նախատեսվում է հատկացնել 711 մլն դոլար` ներառելով հիմնականում տնտեսական աճի արագացման, մրցակցության խրախուսման և աշխատատեղերի ստեղծման, առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության և տեղական տնտեսության զարգացման, սոցիալական ծառայությունների արդյունավետության և հանրային կառավարման բարելավման ուղղությունները:
Նշվեց նաև, որ ՀԲ Զարգացման քաղաքականության գործառնությամբ (ԶՔԳ) պլանավորված է 257 մլն ԱՄՆ դոլար բյուջետային ուղղակի աջակ¬ցութ¬յուն, որից 72 մլն ԱՄՆ դոլարը տեղաբաշխվել է 2013 թվականի դեկտեմբերին:
Նախարարը նաև ընդգծեց, որ ԱՄՀ-ի հետ համագործակցության ներկա փաթեթը 38 ամիս տևողությամբ երկարաձգված ֆոնդային կարողության ծրագիրն է շուրջ 125 մլն ԱՄՆ դոլար ծավալով, որից շուրջ 18 միլիոնն արդեն տեղաբաշխվել է: «Ծրագրի ներքո ամրագրված կառուցվածքային բարեփոխումները նպատակադրում են միջնաժամկետ տնտեսական աճի ապահովումը, գործարար միջավայրի բարելավումը, ինստիտուտների ուժեղացումը, հաղորդակցության և մրցակցության բարելավումը, մասնավոր և օտարերկրյա ներդրումների համար ավելի կայուն միջավայրի ապահովում, առանցքային ռիսկերի մեղմումը, հատկապես՝ էներգետիկայի ոլորտում»,- ասաց Կ.Ճշմարիտյանը:
Էկոնոմիկայի նախարարը նաև ընդգծեց, որ տարեկան ժողովի ժամանակ գնահատվել են համաշխարհային տնտեսության անկման ռիսկերը և դրանցից խուսափելու համար ընդունվել են որոշակի մոտեցումներ, որոնք հետագայում կապահովեն այդ ռիսկերից խուսափելու միջոցներն ու մեթոդները: