Եթե եռյակը ազնիվ ու արդար է, ապա իմ ներկայացրած գործողությունները պետք է սպասարկի. Զ.Փոստանջյան
Ե՞րբ «Ժառանգությունը» կլքի եռյակի ֆորմատը, որում արդեն նախագահի մեկ թեկնածու է ուրվագծվել: Panorama.am-ի հարցին ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փստանջյանը նախ նշեց, որ երբ «Ժառանգությունը» սկսել էր այս գործընթացը, նա չէր ենթադրել ու նկատի չէր ունեցել, որ ինքը մասնակցում է ինչ-որ ալյանսային գործընթացի, այլ ներգրավվել է դրանում, որպեսզի տեղի ունենա համակարգային փոփոխություն:
«Այն իշխանությունը, որն այս պահին բռնազավթած պահում է իր ձեռքին մեր ժողովրդի քվեն և իշխանությունը պետք է միանշանակ հեռանա: Հարթակը, հասարակությունն ու ժողովուրդը պետք է համատեղ գործունեություն ծավալեն, իսկ ժողովրդի պահանջն է, որը պետք է թելադրի նաև հարթակին ամբողջական իշխանափոխություն և համակարգային փոփոխությունն է: Հետևաբար, հարթակում կմնան այն մարդիկ, ովքեր այդ պահանջը կյանքի են կոչելու»,- նշեց նա:
Ճշտող հարցին` չի տեսնում արդյոք, որ դա չկա օրակարգում, այսինքն «Ժառանգության» մնալը այդ ձևաչափում մեղմ ասած չի համընկնում իր թեորիաների հետ, պատգամավորը նշեց` այս պահի դրությամբ, այո, չկա, բայց օրակարգը պետք է լինի այն, ինչ ինքն է առաջարկում. «Դուք ինքներդ էլ եք տեսել, որ այս պահին հարթակը չուներ միասնական ձևավորված օրակարգ և միասնական այդ օրակարգից բխող քայլեր: Ենթադրվում է, որ դա պետք է տեղի ունենա արդեն հոկտեմբերի 24-ին»:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների մասին խոսակցություններին, ապա Զ.Փոստանջյանը նշեց, որ իրենք դեռևս չեն մասնակցում ընտրությունների, այլ մասնակցում են փոփոխությունների տանող գործընթացին, բայց հարցին` ինչպե՞ս է «Ժառանգությունը» շարունակում համագործակցել երկու ուժերի հետ, որոնք իշխանափոխություն չեն պահանջում, ասաց. «Ընդհանուր հրապարակվել է, որ իրենք պահանջում են իշխանափոխություն: Դա հայտարարելուց հետո պետք է լինի պարտադիր միասնական օրակարգ և թե ինչ հերթականությամբ պետք է լինեն քայլերը: Դրա մասին պետք է հրապարակվի: Եթե եռյակը իրապես իր մտադրություններում ու ցանկություններում ազնիվ ու արդար է, ապա իմ ներկայացրած բոլոր գործողությունները պետք է սպասարկի: Իսկ եթե ազնիվ չի, ապա եռյակը պետք է հետ կանգնի»:
Նա նաև առաջարկեց քաղաքական ուժերին, ի դեմս Դաշնակցության, գնալ վիրահատական մեթոդների. «Քաղաքական այն ուժերը, որոնք կապ են ունեցել գործող այս ռեժիմի հետ այսօր պետք է վիրահատական միջամտությամբ անջատեն իրենց կապը ռեժիմից: Շատ դժվար է: Նույն Դաշնակցությունն ինքն իր մեջ պետք է գտնի այդ ուժը և գնա վիրահատական քայլի: Եվ ընդհանրապես բոլոր այն ուժերը, որոնք ժամանակին ունեցել են կապ և հիմա էլ ունեն, պետք է դա անեն»:
Հարակից հրապարակում`
Զ.Փոստանջյանը թելադրում է եռյակին ինչ անել