Երևանում Անրի Վերնոյի անունը կրող փողոց կբացվի
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի որդուն՝ Պատրիկ Մալաքյանին: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Քաղաքապետը նշել է, որ ուրախ է Պատրիկ Մալաքյանին տեսնել Երևանում և առերես քննարկել Անրի Վերնոյի անվան փողոցի հանդիսավոր բացման մանրամասները. «Ըստ էության, մենք պատրաստ էինք արդեն այսօր կատարել Անրի Վերնոյի անվան փողոցի հանդիսավոր բացումը: Սակայն հաշվի առնելով, որ հանդիսավոր բացմանը մասնակցելու ցանկություն են հայտնել նաև ֆրանսիական կինոյի մի շարք հայտնի գործիչներ, Անրի Վերնոյի բազմաթիվ ընկերներ ու երկրպագուներ, ինչպես նաև Ձեր քույրերն ու եղբայրները, մենք որոշեցինք այն տեղափոխել հաջորդ տարի», - նշել է Տարոն Մարգարյանը:
Պատրիկ Մալաքյանն իր հերթին նշել է, որ Անրի Վերնոյն իրոք համաշխարհային կինոյի մեծություններից մեկն է ու հայրենիքում նրա անվան փողոցի հանդիսավոր բացմանը մասնակցելու բազմաթիվ անձանց ցանկությունը պետք է հարգվեր:
Երևան քաղաքի ավագանին 2012թ. օգոստոսի 10-ի արտահերթ նիստում հաստատել էր Երևան քաղաքում ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի պատվին փողոց անվանակոչելու որոշումը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան