Հղիների նպաստի կրճատման օրենքի դեմ ցույցեր կանցկացվեն կառավարության և նախագահականի դիմաց
«Նախօրեին մենք ակտիվիստների հետ միասին հստակեցրեցինք մեր դիրքորոշումը, որը հետևյալն է. մենք չենք ուզում, որ օրինագիծն ընթացք ստանա ու մտնի ԱԺ»,- Panorama.am-ին ասաց «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը` անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթին, որը մեծ դժգոհություն է առաջացրել հանրության շրջանում:
Հիշեցնենք, համաձայն փաթեթի` հղիներին տրամադրվող պետական նպաստը կրճատվելու է:
Ա.Նիկողոսյանի խոսքով, փաթեթում ընդամենը մեկ կետ կա, որն իրենց հավանությանն է արժանացել. «Խոսքը չաշխատող մայրերին ևս նպաստ տրամադրելու մասին է: Եվ եթե հնարավորություն կա ուղղակի այդ փոփոխությունն անել, ապա մենք միայն կողջունենք, եթե պետությունը դա անի, սակայն ոչ երբեք աշխատող կանանց հաշվին: Մեր հիմնական ուղերձը, որի վրա հիմնվելու է նաև մեր հետագա անելիքների պլանը հենց դա է»:
Նա նաև ավելացրեց, որ փաթեթը մի շարք իրավունքների խախտում է բերում իր հետ, դրա համար էլ հարկավոր է օր առաջ կասեցնել դրա ընթացի հնարավորությունը: Շատ փակագծեր չբացելով, թե ինչ են պատրաստվում իրենք անել ակտիվիստների հետ միասին, որպեսզի խանգարեն օրենքի ընդունմանը, Ա.Նիկողոսյանը տեղեկացրեց միայն, որ կլինի հանրային միջոցառումների շարք և մասնավորապես հաջորդ հինգշաբթի ժամը 12.30-ից սկսած Կառավարության շենքի դիմաց ցույց են անելու:
«Մեր մարտավարություններից մեկը հենց հանրային թիրախավորումն է: Մոբիլիզացնելու ենք ոչ միայն աշխատող և չաշխատող կանանց, այլև մեր ողջ հասարակությանը, քանի որ մենք պնդում ենք, որ սա միայն կանանց վերաբերող խնդիր չէ և վերաբերում է բոլորին»,- ընդգծեց նա:
Եթե օրենքն ընդունվի, ապա 2015թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն դրա այն կետերը, որոնք վերաբերում են աշխատող կանանց, իսկ չաշխատող կանանց նպաստ տրամադրելու վերաբերյալ հատվածը ուժի մեջ կմտնի մեկ տարի անց` 2016թ-ի հունվարից. «Ստացվում է, որ մեկ տարի շարունակ աշխատող կանանց գումարները պետբյուջեում ավելանալու են, այսպես ասած խնայվելու են, բայց չաշխատող կանայք նպաստ կստանան միայն 2016թ-ից»:
Նշենք, որ կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն էր տրվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթին:
Հարակից հրապարակում`
Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի. Սաիյանը՝ լրամշակված փաթեթի մասինԼավություն չաշխատող մայրերին՝ աշխատողների հաշվին.
Նախագիծը պատգամավորին ու մայրիկներին ասացվածք հիշեցրեց