Այսօր հերթական անգամ կրթության և գիտության հաղթարշավի ականատեսն ենք լինում. Արմեն Աշոտյան
«Այսօր հերթական անգամ կրթության և գիտության հաղթարշավի ականատեսն ենք լինում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների հանձնման ժամանակ:
Նախարարի խոսքերով` իրականում և հանրակրթական, և բարձրագույն կրթության ոլորտում կան խնդիրներ ու հաճելի է, երբ լինում են հաջողության պատմություններ:
«Մենք ինքներս մեր նկատմամբ մի քիչ ավելի խիստ ենք, քան անհրաժեշտ է, և շատ ավելի խիստ ենք մեր երեխաների նկատմամբ, որոնք իրականում ուղղակի տարբեր են, տարբեր են անգամ իմ սերնդից, որ այնքան էլ մեծ չէ: Եվ ես չեմ զարմանում մեր երեխաների հաջողություններով, քանի որ գիտեմ` ինչ հսկայական աշխատանք է կատարվել, որպեսզի այսօր կրթության որակը բարելավվի»,- ասաց Ա.Աշոտյանը:
Ըստ նրա` հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ապահովող ճյուղերում այսօր կա զգալի աճ: Նախարարի խոսքերով` այստեղ իհարկե պետք է հատուկ շեշտել, որ սա միայն պետության, կառավարության ջանքերի շնորհիվ չէ:
«Դժվար է պատկերացնել կրթության ոլորտում հաջողություն` առանց մասնավոր սեկտորի ներկայացուցիչների ներգրավմամբ: Կրթության համակարգի այն ոլորտներում, որտեղ մեզ հետ միասին մասնավորը աշխատում է` որակյալ գիտելիք, հմտություն, կարողություն ձևավորելու համար, այդ ոլորտում մենք ունենք աներկբա հաջողություններ»,- ընդգծեց Ա.Աշոտյանը:
Մինչդեռ, ըստ նրա, տնտեսության այն ոլորտներում, որոնցում մասնավորը ներդրումներ չի կատարել, քանի որ դեռ չի հասկանում` կրթության մեջ ներդրվող գումարները բարեգործություն չեն, ոչ էլ սոցիալական պատասխանատվություն, այլ առաջին հերթին ներդրում է, որպեսզի ապագայում այդ մասնագիտական կարողություններով լավ կադրը իր մոտ աշխատի և շահույթ բերի իր ընկերությանը:
«Ահա այստեղ մենք ունենք խնդիրներ: Սակայն հերթական անգամ ուզում եմ շեշտել` փառք ու պատիվ մեր աշակերտներին, իրենց ուսուցիչներին, հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Սինոփսիս ընկերությանը, որ երևույթ է ոչ միայն Հայաստանի ՏՀՏ ոլորտում, այլ նաև մեր կրթական իրականության մեջ»,- նշեց Արմեն Աշոտյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա