Կայացավ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարների մասին համաժողովը
Այսօր Երևանում կայացավ «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարները» խորագրով համաժողովը, որը հրավիրել է Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը: Միջոցառմանը ներկա էին տնտեսագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներ:
Համաժողովին նախատեսված էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ելույթը, սակայն տեղեկացվեց, որ նա օբյեկտիվ պատճառներով չէր կարող մասնակցել: Փոխարենը ընթերցվեց Ա. Աբրահամյանի ելույթը, որում վերջինս ներկայացրել է ԵՏՄ-ին անդամակցությամբ Հայաստանի տնտեսական զարգացման համար ստեղծվող հնարավորություններն ու առավելությունները:
Նա հատկապես շեշտել է Հայաստանում արտադրության, առևտրաշրջանառության, ներդրումների աճի իրական հնարավորությունը, Հայաստանը՝ որպես տարածաշրջնում ԵՏՄ-ի անդամ պետությունների համար մինչև Պարսից ծոց տարանցիկ երկիր դառնալը, ինչի համար կկառուցվի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը: Բացի այդ խոսվեց մատչելի էներգակիրներ ստանալու, Ատոմակայանի գործողության ժամկետի երկարաձգման մասին, որին նախապատրաստվելու համար Հայաստանին անհատույց հատկացվելու է 30 մլն դոլար, իսկ հետո կտրվի 300 մլն դոլարի վարկ:
Նշվեց նաև, որ Հայաստանում երկաթգծի արդիականացման համար ռուսական կողմը մտադիր է ներդնել 500 մլն դոլար, ինչը Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի գործարկման հետ միասին էական նշանակություն կունենա Հայաստանի տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման և ապագայում տնտեսական շրջափակման փաստացի վերացման համար: ԵՏՄ-ին անդամակցությամբ էլ ավելի կբարձրանա Հայաստանի անվտանգության և պաշտպանվածության մակարդակը:
Ուշադրություն հատկացվեց ԵՏՄ-ում մարդկանց ազատ տեղաշարժի, միասնական աշխատաշուկայի ստեղծման հնարավորությանը, որը նպաստավոր պայմաններ կստեղծի Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների համար, թեև ընդգծվեց, որ պետք է ամեն ինչ անել, որ մարդիկ մնան և աշխատեն Հայաստանում:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված մտահոգություններին, ապա շեշտվեց, որ Արցախն առանց խոչընդոտների կկարողանա Հայաստանի միջոցով ԵՏՄ մոտ 170 միլիոնանոց շուկա արտահանել իր արտադրանքը, ինչը դրական ազդեցություն կունենա առկա սոցիալ-տնտեսական վիճակի կայունացման համար: Ընդգծվեց, որ ՀՀ ու ԼՂՀ միջև մաքսակետ տեղակայելու մասին խոսակցությունները անհիմն են, նման ոչ հնարավորություն և ոչ էլ ցանկություն կա: