Բացվելու է Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես
Հայաստանի Ազգային պատկերասրահում նոյեմբերի 7-ին բացվելու է Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը։ Ազգային պատկերասրահից Panorama.am-ին հայտնեցին, որ ցուցահանդեսում ընդգրկվել են տարբեր տարիների գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ, որոնց միջոցով ամբողջական պատկերացում է ստեղծվում արվեստագետի երկարամյա և բեղմնավոր ստեղծագործական ժառանգության մասին:
Աշխատանքների զգալի մասը արվեստասեր հանրությանը ներկայացվում է առաջին անգամ, այդ թվում վերջին տարիների գրաֆիկական թերթերը: Տպավորիչ են տուշով, ջրաներկով, ֆլոմաստերով, կավճամատիտով արված Սևանա լճի ու մերձակայքի բնանկարները, պատմական անձանց, մերկ բնորդուհիների ու լողորդուհիների պատկերները:
Ցուցահանդեսի առթիվ հայերեն ու անգլերեն լեզուներով հրատարակվել է Էդուարդ Իսաբեկյանի ստեղծագործությունների կատալոգ:
Մեր ժամանակների վաստակաշատ արվեստագետներից է Հայաստանի ժողովրդական նկարիչ (1963), Պետական մրցանակի դափնեկիր (1985) և պատվավոր այլ պարգևների ու տիտղոսների արժանացած Էդուարդ Հմայակի Իսաբեկյանը, որի բազմաժանր ստեղծագործական ժառանգությունն իր ուրույն տեղն ունի արդի հայ կերպարվեստում:
Նկարիչը ծնվել է Երևանի նահանգի Սուրմալու գավառի Իգդիր քաղաքում: 1914-ին և չորս տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Երևան: Նախ սովորել է Երևանի Գեղարդ տեխնիկումում (1927-31, դասատուներ` Ս. Առաքելյան, Վ. Գայֆեճյան, Գ. Ֆերմանյան), ապա` Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայում (1935-41, դասատու` Կոտե Գզելիշվիլի, Իոսիֆ Շառելման, Ուճա Ջափարիձե, Սերգո Քոբուլաձե): Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Երևան և մինչև կյանքի վերջը (2007) ակտիվորեն մասնակցել երկրի մշակութային կյանքին: Ստեղծագործելուն զուգահեռ շուրջ 60 տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ և 20 տարի եղել է Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենը: Նկարչի կողմից Երևանին նվիրաբերած ստեղծագործությունների հիման վրա «Հայ Արտ»մշակութային կենտրոնում 2013-ին բացվել է Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի պատմության ու տեսության ամբիոնի դասախոս, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյանի ներկայացմամբ. «Արվեստագետի ստեղծագործական հետաքրքրությունները լայն ընդգրկում ունեն:Նա ստեղծել է թեմատիկ կոմպոզիցիոն գործեր, բնանկարներ, դիմանկարներ, կատարել է գրքերի նկարազարդումներ (Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» 1955, Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետ» 1963, Դերենիկ Դեմիճյանի «Վարդանանք»), որոնցում յուրովի անդրադարձել է իր ապրած ժամանակաշրջանին հուզող տարաբնույթ խնդիրներին: Նկարչի աշխատանքներն առանձնանում են կոմպոզիցիոն բարդ ու դինամիկ կառուցվածքով, զուսպ գույների ու լույսի առկայծումներով, կոլորիստական մեծ երևակայությամբ:Հախուռն վրձնահարվածներով կառուցված գունամակերեսները հառնում են նյութականությամբ, ընկալման անմիջականությամբ, նրա խառնվածքին բնորոշ ռոմանտիկ ոգով: Է. Իսաբեկյանի արվեստում հայրենիքի կերպավորումը էպիկական, կոթողային մեկնաբանություն ունի, ինչը հատկանշական է արդեն վաղ շրջանի գործերին, որոնցից են թանգարանում պահվող «Տաթև» (1953),«Հորովել.Լեռնայինվար» (1954), «Պատանի Դավիթը» (1956) նկարները: Հայկական լեռնաշխարհի յուրահատուկ գրավչության, մարդու ու բնության միասնության, մարդկային ուժի ու գեղեցկության անհատական ընկալումն ու մեկնաբանումը շաղախված է հիացմունքի ու հպարտության զգացումով: 1970-ական թվականների ստեղծագործական նոր վերելքի շրջանի բնանկարներում իշխում են կենսասիրության ու ներքին պայքարի տրամադրությունները («Արազաի ափին», 1974,«Աշնան փշատենի», 1975, «Մասրենին քարերի մեջ», 1976,«Ձիերը կիրճում», 1983,«Բյուրական», 1991): Ժանրային տեսարաններում նկարիչը կարևորում է մարդու ու բնության գեղեցկության ու ներդաշնակությունը («Լվացք անող կանայք գետափին», 1957,«Գետափին»,1964,«Աղջիկները Սևանի ափին», 1967, «Լողացող կանայք» 1975, «Երեկոյան այգում»,1980,«Տոնական օր», 1981):
Նկարչի նախասիրած ժանրերից է դիմանկարը, որով զբաղվել է ամբողջ կյանքում:Հայ ռեալիստական դիմանկարչության լավագույն գործերից են ազգային ոգու ու անհատական ապրումների շեշտադրումով «Նկարչի մայրը», (1944), «Մարտունեցի ծերունին»,(1957),«Ակսել Բակունց», (1960), ժամանկակաից կյանքի խոհերով ապրող «Ծերունու առավոտը», (1964), «Ինքնանկար» (1962, 1974), կնոջ գեղեցկության, հմայքի ու ներաշխարհի նորովի բացահայտումներով «Արփենիկ Նալբանդյան» (1949), «Ուսանողուհու դիմանկար» (1967), «Լուիզա» (1985) դիմանակարները:
Է. Իսաբեկյանը կարևոր ներդրում ունի հայ արվեստում պատմանկարչության զարգացման գործում: Այս ժանրի նշանավոր կտավներից են «Հաղպատի գյուղացիների ապստամբությունը», (1955),«Դավիթ բեկ», «Արտավազդ և Կլեոպատրա», (1966), «Ավարայրի ճակատամարտը», (1983) և գլուխգործոց «Պատասխան Հազկերտին», (1947), որոնք ուշագրավ են պատմական դարաշրջանի խոր զգացողությամբ, հետաքրքիր կոմպոզիցիոն կառուցվածքով և արդիական հնչեղությամբ: Նկարիչը դիմելով հայ ժողովրդի կյանքի կարևոր ու վճռորոշ իրադարձություններին`արծարծում է բոլոր ժամանակների համար արդիական թեմաներ, որոնց առանցքում մարդկային վեհ ու ազնիվ ձգտումներն են, սերն ու նվիրումը երկրին ու մարդուն: Այս շարքի մեջ առանձնանում է հայ պատմանկարչության լավագույն ստեղծագործություններից մեկը`«Պատասխան Հազկերտին» մեծակտավ աշխատանքը, որտեղ ընդհանրացվում են նկարչի կողմից տարբեր ժամանկներում արծածված գաղափարական ու գեղարվեստական խնդիրները»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան