Ցմահ ազատազրկվածների խնդրանքը պաշտոնյաներին` մի եկեք ու հույս մի տվեք. Հ. Սահակյան
Հոկտեմբերի 14-ին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել ցմահ ազատազրկվածների հետ: Panorama.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ հանդիպում անցկացնելու խնդրանքով իրեն նամակ էր գրել ցմահ ազատազրկված Ստեփան Գրիգորյանը:
«Խոսել ենք բացառապես այն խնդիրների մասին, որոնք վերաբերում են ցմահ դատապարտյալների իրավական ռեժիմին, թե ինչ քայլեր կարող ենք անել, որպեսզի հետագայում, 20 տարի ազատազրկումից հետո ինչ-որ փոփոխություն լինի նրանց ճակատագրում` իհարկե հաշվի առնելով կատարած հանցանքի ծանրությունն ու դաժանությունը: Այսօր էլ այդ ընթացակարգը գոյություն ունի, երբ դատարանը ժամանակի ընթացքում կարող է որոշակի փոփոխություն կատարել ցմահ ազատազրկվածների հետ կապված, սակայն կարծում եմ խնդիրը վերանայման կարիք ունի»,- տեղեկացրեց Հ.Սահակյանը:
Նաև ասաց, որ ցմահ ազատազրկվածների հետ զրույցի արդյունքում առանձնացվել են հինգ կետերից բաղկացած առաջարկություններ ու խնդիրներ, որոնք հետագայում կքննարկվեն հանձնաժողովում և փորձ կարվի այդ առումով օրենսդրական փոփոխություններ կատարել:
«Նշում էին, որ երբևէ հայտարարված համաներումը ցմահ ազատազրկվածներին չի անդրադարձել և առաջարկեցին ինչ-որ բան անել, որպեսզի գոնե ինչ-որ փոքր մասով, մեկ-երկուսին համաներումն անդրադառնա»,- տեղեկացրեց պատգամավորը, իսկ ճշտող հարցին` միջազգային պրակտիկայում դա հնարավո՞ր բան է արձագանքեց, որ այո, որոշակի ընթացակարգերի վրա հնարավոր է անդրադառնա` ժամանակի ընթացքում իհարկե:
«Իհարկե, սա շատ վիճելի հարց է ու երկրարատև քննարկման առարկա: Առաջարկեցին, որ փոփոխություն կամ լրացում արվի, օրինակ, Քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի առաջին մասում, համաձայն որի դատապարտվածը նաև պետք է փոխհատուցի պատճառված վնասը և եթե այն չի փոխհատուցում, ապա պայմանական վաղաժամկետ ազատելը առ ոչինչ է լինում: Նկատառումն այն է, որ եթե 20 տարի ազատազրկումից հետո վաղաժամկետ ազատման տարբերակ լինի , բայց դատապարտյալը չկարողանա վնասի փոխհատուցումը տալ` ենթադրենք գույք չունի, գումար չունի, ապա նա զրկվում է դրա կիրառումից: Մինչդեռ առաջարկում են փոփոխություն կատարել և հնարավորություն տալ վաղաժամկետ ազատվելուց հետո աշխատել, ասենք, վեց ամիս կամ մեկ տարի և այդ ժամանակահատվածում փոխհատուցել, ինչը իմ կարծիքով տրամաբանական մոտեցում է: Բայց անշուշտ քննարկման առարկա»,- ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը` շեշտելով, որ ինքն անձամբ պատրաստ է քննարկել այդ խնդիրները իրավասու մարմինների հետ և գտնել հնարավոր լուծումներ:
Հ.Սահակյանը նշեց, որ զրուցել է նաև այլ ցմահ ազատազրկվածների, այդ թվում և Մհեր Ենոքյանի հետ, ով նշել է, որ իրենց առաջարկներով որոշակի օրենսդրական նախագծեր են մշակվել, որոշները նույնիսկ ընդունվել. Շեշտվել է, որ այդ համագործակցությունը կշարունակվի:
«Ամենակարևոր հանգամանքը, որ բոլորը նշել են ու խնդրել բարձրաձայնել` ցմահ ազատազրկվածները խնդրում են պաշտոնյաներին, ովքեր նրանց այցելում են, չգալ ու իրենց հույս չտալ, թե ամեն ինչ անելու են, թե սա կլինի կամ նա կլինի, չասեն, որ իրենց պահանջները միանշանակ իրավացի են ու օրենքի տառին համապատասխան, բայց դրանք չեն կարող իրականացնել: Նրանց խոսքով` ավելի լավ է հույս չտան, քան գան սարեր խոստանան, հույս ներշնչեն ու ոչ մի բան էլ արդյունքում չանեն»,- հավելեց Հ. Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները