Չեխական մամուլն անդրադարձել է Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցմանը
Չեխական հեղինակավոր «IDnes.cz» («Այսօր») համացանցային պարբերականում հայտնի լրագրող Աննա Բարոխովան հոկտեմբերի 13-ին հրապարակել է «Իսլամիստները ոչնչացրել են Հայոց ցեղասպանության եկեղեցի-հուշահամալիրը, քանի որ այն չէր համապատասխանում իրենց կրոնին» հոդվածը, որում մտահոգություն է հայտնել Դեր Զորի Սուրբ Նահատակած եկեղեցու ավիրման առթիվ:
Նա անդրադարձել է նաև Հայոց Ցեղասպանության հարցին, հղումներ զետեղելով այս թեմայով նախկինում եղած հրապարակումներին: Ավելի վաղ, սեպտեմբերի 24-ին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Է.Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ, այս բարբարոսությունը խստորեն դատապարտվել է Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Արքեպիսկոպոս Դոմինիկ կարդինալ Դուկայի կողմից:
Սեպտեմբերի 27-ին Բռնոյի Տոմաշ Մասարիկի համալսարանի դասախոս, քաղաքագետ Տոմաշ Շմիդը հեղինակավոր «Lidové noviny» («Ժողովրդական լուրեր») օրաթերթում «Ուրիշ իսլամ. այն, որը մեզ համար վտանգավոր է» վերնագրով համանման
հոդված է հրատարակել:
Ստորև ներկայացված է «Իսլամիստները ոչնչացրել են Հայոց ցեղասպանության եկեղեցի-հուշահամալիրը, քանի որ այն չէր համապատասխանում իրենց կրոնին» հոդվածի թարգմանությունը:
«Իսլամական ծայրահեղականներն անցած ամիս ոչնչացրել են քրիստոնեական եկեղեցի-հուշահամալիրը Սիրիայի Դեյր Զորում, որը սրբավայր էր հայերի համար: Այդ եկեղեցի-հուշահամալիրի բակում գտնվում էին Հայոց Ցեղասպանության նահատակների մասունքները: Ծայրահեղականներն իրենց արարմունքն արդարացնում են այն իսլամին դեմ լինելու հանգամանքով:
BBC-ի տեղեկացմամբ, ծայրահեղականները նշել են, որ հուշ և գերեզման պաշտելը իսլամին դեմ է: Իսլամիստ զինյալները խոստացել են, որ այդպիսի հուշահամալիրներն այլևս պետք է ոչնչացվեն: Վերջին մեկ ամսվա ընթացքում ավիրվել են մահմեդականների, քրիստոնյաների և հրեաների մի շարք հուշահարձաններ:
Դեյր Զորում սեպտեմբերի վերջին ծայրահեղականների կողմից ոչնչացված քրիստոնեական եկեղեցին հայկական համայնքի համար ուներ հատուկ նշանակություն: Այն 20-րդ դարի առաջին ցեղասպանության հուշահամալիրն է, որտեղ գտնվում էին Հայոց Ցեղասպանության նահատակների մասունքները: Սեպտեմբերի 21-ից սոցիալական ցանցում արդեն տեղադրվել էին ավերված եկեղեցու մի շարք լուսանկարներ:
Այդ եկեղեցին գործում է նաև որպես գերեզմանատուն, ինչպես նաև քրիստոնյաների հավաքույթի կենտրոն թե Սիրիայի, թե Լիբանանի քրիստոնյաների համար: 2002 թվականից սկսած ապրիլի 24-ին երթեր էին կազմակերպվում դեպի այդ եկեղեցի: Այդ հուշահամալիրի տարածքում թաղված են ավելի քան 1 միլիոն հայկական և ասորեական քրիստոնյաներ, որոնք սպանվել են թուրք մահմեդականների կողմից:
«Այդ վայրը հայերի համար ունի մոտավորապես այն նշանակությունը, ինչ Օսվենցիմը՝ հրեաների համար», -գրել է «Ժողովրդական լուրեր» թերթի իր մեկնաբանությունում քաղաքագետ Տոմաշ Շմիդը:
Հուշահամալիրի ոչնչացումը մեծ արձագանք չգտավ: Կատարվածի մասին իր քննադատությունը հայտնեց միայն Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը:
Նա նշեց. «Ես դատապարտում եմ հայերի համար մեծ արժեք ունեցող հայկական եկեղեցու ոչնչացումը Դեյր Զորում, քանի որ Ֆրանսիան ընդունում է բոլոր կրոնները և հարգում հոգևոր արժեքները: Բոլոր հուշահամալիրները պետք է զերծ նման հարձակումներից», - մեջբերել է Արմենպրեսը:
Ավելի ուշ արձագանքել է նաև Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գրասենյակը (OHCHR):
«Մենք դատապարտում ենք եկեղեցու և եկեղեցական այլ կրոնական հաստատությունների ոչնչացումը: Կրոնական հաստատությունները հատուկ պաշտպանության տակ են առնված միջազգային մարդասիրական օրենքով և պետք է հարգվեն ու պաշտպանվեն բոլորի կողմից»,-ասված է հոկտեմբերի սկզբին ՄԱԿ-ի իրավունքների հարցերով գրասենյակի խոսնակ Ռուպերտ Քոլվիլի հայտարարության մեջ:
Նա նաև ավելացրեց, որ Սիրիայի ղեկավարությունը վերջին շրջանում ևս հարգանք չի տածում հուշահարձանների նկատմամբ, և դրա վառ օրինակներն են վերջին մի քանի ամիսների ընթացքում ոչնչացված մի շարք պատմական և հնեաբանական հուշահամալիրներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում