«Շնորհակալ եմ իմ ընտանիքին, որ ինձ ուղարկեցին հայրենիք». խոսում են նախագահի մրցանակի արժանացած աշակերտները
Արդեն 10 տարի է հանրապետությունում անցկացվում է ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի կրթական պարգևների մրցանակաբաշխությունը, որի հիմնական առաքելությունն է բացահայտել և խրախուսել տեխնիկական ուղղվածություն ունեցող համալսարանների և դպրոցների լավագույն ուսանողներին և աշակերտներին` ուղղորդելով նրանց տեխնոլոգիական ձեռներեցության, ինչպես նաև տեղեկատվական գիտակրթական ոլորտներ: Այս մասին ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը` ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողությանը:
Նրա խոսքերով` սա հեղինակավոր մրցանակաբաշխություն է, և մինչև այժմ հաղթել է 200 ուսանող և 100 աշակերտ:
Հ.Մուսայելյանը նշեց, որ հանձնաժողովի անդամներն ունեն բացառիկ հնարավորություն շփվել դպրոցների և համալսարանների ֆիզմաթ ֆակուլտետների ուսանողների և աշակերտների հետ, և բացահայտել այն միտումները, որոնք առկա են ՏՏ ուղղվածություն ունեցող համալսարաններում ու դպրոցներում:
Այնուհետև դիմելով հանրապետության ղեկավարին, Հ.Մուսայելյանն ասաց. «Պարոն Նախագահ, դուք ասել եք, որ հպարտ եք այն պատանիներով, որոնք այս տարի արդեն 15 մեդալներ են բերել միջազգային օլիմպիադաներից: Իսկապես հպարտանալու ցուցանիշ է, և այս առումով մենք անվերապահ առաջատար ենք տարածաշրջանում: Մենք վստահ ենք, որ կրթական պարգևների արժանացած պատանիները կբազմապատկեն այն շնորհաշատ, տաղանդաշատ պատանիների քանակը, որոնցով հիանում ենք»:
Ինչ վերաբերում է այս տարվա մրցանակաբաշխությանը, Հ.Մուսայելյանն ասաց, որ այս տարի կրկին փայլեցին դպրոցականները և վերջին երեք տարիներին այս միտումը շարունակվում է: Ըստ նրա` հանձնաժողովը որոշակի հետազոտություններ է արել և դիտարկումները բերել են նրան, որ դրա համար կան մի շարք պատճառներ: Առաջին պատճառն ավագ դպրոցն է, որը պատանիներին հնարավորություն է տվել ձեռք բերել բազմակողմանի գիտելիքներ և բարձրացնել նրանց հասունությունը:
«Սա ուրախալի փաստ է, հատկապես, որ վերջին շրջանում քննադատում են ավագ դպրոցի ներդրումը»,- ասաց նա:
Երկրորդն այն էր, որ այս տարի դպրոցականներից շատերն իրենց մասնագիտական կողմնորոշումներում ընտրել են բնագիտական ուղղվածությունը, որը բավական համահունչ է այս մրցույթին: Իսկ երրորդն այն է, որ պատանիների մեծ մասը ընտրում են ՏՏ ոլորտը որպես մասնագիտություն` իրենց դպրոցներն ավարտելուց հետո:
«Լավագույն աշակերտ» անվանակարգում մրցանակի արժանցած Հակոբ Թամրազյանը, ով սովորում է ԵՊՀ առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում, նշեց` իր համար անակնկալ էր, որ նման մրցանակի կարժանանա:
«Անակնկալի եկա, բայց սա պարտավորեցնող մրցանակ է: Նմանատիպ միջոցառումները կարող են նպաստել` աշակերտների ձգտումը դեպի ուսում, ուստի շատ եմ կարևորում նման մրցնակաբաշխությունները»,- ասաց Հակոբ Թամրազյանը:
ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին են արժանացել նաև Վանաձորի ֆիզիկայի, մաթեմատիկայի և բնագիտական թեքումով «Էվրիկա» հատուկ դպրոցի սաները:
Գուրգեն Սարգսյանի խոսքերով` մրցանակ ստանալը և հաճելի է, և պարտավորեցնող:
«Սա այնքանով է պարտավորեցնում, որ հետագայում քո քայլերում ավելի վստահ ես լինում, և փորձում ես անել ավելին, որպեսզի ծառայես քո հայրենիքին, և քո պետությանը»,- նշեց նա: Իսկ նրա ընկերը` Ալիկ Գրիգորյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է հանրապետության նախագահի կողմից նման մրցանակի արժանանալ. «Նաև շատ հաճելի է: Իմ կարծիքով` սա մեծ քայլ է` հետագայում իմ կարիերան կազմակերպելու համար»:
«Լավագույն սփյուռքահայ ուսանող» անվանակարգում մրցանակի է արժանացել Մենուա Բաղդասարյանը, ով սովորում է Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում: Նա նշեց, որ այս մրցանակը իրեն օգնի հետագայում ավելի լուրջ հաջողություններ գրանցել:
«Շատ ուրախ եմ, որ Նախագահի կողմից այսպիսի մրցանակի եմ արժանանում: Առաջին հերթին շնորհակալ եմ իմ ընտանիքին, որ ինձ ուղարկեցին հայրենիք, որպեսզի այստեղ բարձրագույն կրթություն ստանամ: Դրա համար այս մրցանակը նվիրելու եմ ընտանիքիս»,- ասաց 22-ամյա Մենուա Բաղդասարյանը:
Նշենք, որ այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 26 ուսանող և 16 աշակերտ՝ 5 բուհից և 8 ավագ դպրոցից:
Նախագահի պարգևը շնորհվում է բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին և աշակերտներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են ՏՏ ոլորտի և բնական գիտությունների տարբեր օլիմպիադաների և մրցույթների, գիտական հոդվածների հեղիանակներ են, ունենք բազմակողմանի գիտելիքներ և տաղանդ, ինչպես նաև ներգրավված են հասարակական ծրագրերում:
Նախորդիվ`
Սերժ Սարգսյան. Ուզենք, թե չուզենք, մենք պետք է դառնանք տեղեկատվական հասարակություն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա