Իրանցի պատգամավոր. Մենք թուրք չենք, պարզապես մենք խոսում ենք թյուրքերեն լեզվով
«Մենք թուրք չենք, պարզապես՝ լեզուն, որով մենք խոսում ենք թյուրքերենն է»,-այդ մասին իրանական «ԱՆԱՋ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, Արդաբիլի նախկին նահանգապետ Մանսուր Հաղիղաթփուրը:
Հիշեցնենք, որ Իրանի հեռուստառադիոընկերության ղեկավար Էզաթօլլահ Զարղամին օրերս Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Իրանը նպատակ ունի մի հեռուստաընկերություն հիմնել, որը կհեռարձակվի ազարիով:
ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահը, անդրադառնալով վերոնշյալին, նշել է. «Հավանաբար պարոն Զարղամին ազարի լեզու ասելով նկատի է ունել թյուրքերենը: Իրականում ազարի լեզու չի եղել, եղել է ազարիական բարբառ, որը ինչպես գիլաքին, լորերենը կամ լաքերենը, մի բարբառ է, որը ժամանակի ընթացքում դուրս է եկել գործածությունից»:
Շարունակելով խոսքը՝ Մանսուր Հաղիղաթփուրը հավելել է. «Մենք թուրք չենք պարզապես՝ լեզուն, որով մենք խոսում ենք թյուրքերենն է. Մենք ազարի ենք, արիացիներ. Թուրքերը պատկանում են մոնղոլոիդ (դեղին) ռասային, իսկ ազարիները՝ եվրոպեոիդ (սպիտակ) ռասային:
Նշենք, որ ազարին մինչև Իրանի հյուսիսային նահանգների թյուրքացումը, եղել է Ատրպատականի խոսակցական լեզուն. Ի դեպ, թյուրքացումը վերաբերում է միայն լեզվին, քանզի էթնիկական խոշոր տեղաշարժեր այդ տարածքներում երբևէ տեղի չեն ունեցել: Ատրպատականի ժողովրդագրական պատկերը փոփոխության է ենթարկվել միմիայն լեզվի բնագավառում: Պատմական զարգացման ընթացքում հիշյալ տարածքում թյուրքացման գործընթացն ընթացել է սահուն` պայմանավորված լինելով թյուրքալեզու նվաճողների մի քանի ալիքների ներթափացմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան