Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ թե չի ծանոթացել Հայեցակարգին, այլև նման խնդիր չի էլ դրել իր առջև. Դ. Հարությունյան
Կարծում եմ, որ յուրաքանչյուր նման պնդում անող պետք է կարողանա Հայեցակարգի մեջ հայտնաբերել համապատասխան հատված, որը նման մտահոգության տեղիք է տալիս: Կարծում եմ ժամանակն է, որ քաղաքաան ուժերը լուրջ հետևեն այդ փաստաթղթին և եթե կան թերություններ` ասեն այդ մասին»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով ընդդիմության քննադատություններին:
Նրա հավաստմամբ` ակնհայտ է, որ Հայեցակարգը բավականին «եփված» է և արժանի է լուրջ մասնագիտական ու քաղաքական քննարկման:
Ինչ վերաբերում է կոնկրետ Լևոն Տեր- Պետրոսյանի այն հայտարարությանը, թե միայն հիմարը կարող է պնդել, որ Սահմանադրական բարեփոխումներն արվում են ի շահ ժողովրդի, Դ.Հարությունյանը նշեց, որ ցանկացած լուրջ քննարկման ժամանակ եթե լսում ես ընդամենը գնահատական և ոչ թե բովանդակային քննադատություն, ապա դա խոսում է հենց այդ գնահատականի արժեքի մասին, իսկ եթե լսում ես նմանատիպ մեղադրանքներ, ապա այդ մեղադրանքները կարելի է հնչեցնել ցանկացած փաստաթղթի վերաբերյալ, անգամ ծանոթ չլինելով այդ փաստաթղթի բովանդակությանը:
«Ցավով եմ նշում, բայց ՀՀ առաջին նախագահը ոչ թե չի ծանոթացել այդ փաստաթղթին, այլև նման խնդիր չի էլ դրել իր առջև, դրա համար էլ հնչեցրել է նման գնահատական»,- շեշտեց Դ. Հարությունյանը` հավելելով, որ դեռ կլինեն քաղաքական գործիչներ, որոնք կշարունակեն քննադատել Սահմանադրական բարեփոխումները: