Աղքատության վերացման միջազգային օրն է
ՄԱԿ-ի՝ 1992թ. Դեկտեմբերի 22-ին ընդունած բանաձևով հոկտեմբերի 17-ը հռչակվեց Աղքատության վերացման միջազգային օր:
Օրվա ընտրությունը պատահական չէ. 1987թ հենց այսօր էին ավելի քան հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել Փարիզի Տրոկադերո հրապարակում՝ հարգանքի տուրք մատուցելու ծայրահեղ աղքատության, բռնության ու սովի մատնված մարդկանց: Այս հրապարակում էր 1948թ. ստորագրվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
Աղքատության վերացումն այսօր համարվում է հիմնական բարոյական մարտահրավերներից մեկը: Բանաձևով կազմակերպությունը կոչ է անում բոլոր պետություններին կախված երկրների առանձնահատկություններից ձեռնարկել հստակ միջոցառումներ աղքատության ու չքավորության վերացման ուղղությամբ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանում 2013թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների քանակը կազմել է 112 796, որի 91.4%-ը բաժին է ընկել աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Մեկ ընտանիքի ամսական նպաստի միջին չափը կազմել է 29 350 դրամ:
2013թ. տարեվերջի դրությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 13 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, նրանցից 2-ը`աղջիկ:
ՀՀ ազգային վիճակագրության ծառայության տվյալներով` 2012թ. Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է բնակչության 32.4%-ը (980 հազար մարդ), որից 13.5%-ը` շատ աղքատ (408 հազար մարդ), 2.8%-ը` ծայրահեղ աղքատ (մոտ 85 հազար մարդ):
Ըստ կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականի 2012թ.-ին աղքատ` ներառյալ ծայրահեղ աղքատ են իրենց համարել բնակչության 17.6%-ը (2008թ.-ի 17.0%-ի համեմատ): Ըստ հարցվածների ինքնագնահատման` 2012թ.-ին.
• միջին կենսամակարդակ ունեցել են հարցվածների 39.9%-ը` 2008թ.-ի 43.0%-ի համեմատ,
• 38.2%-ի կարծիքով իրենց կենսամակարդակը միջինից ցածր է` 2008թ.-ի 35.6%-ի դիմաց,
• իրենց հարուստ են համարել հարցված բնակչության 0.1%-ը, իսկ 2008թ.-ին իրենց այդպես են գնահատել հարցվածների 0.2%-ը,
• 4.2%-ը գտել է, որ ունի միջինից բարձր կենսամակարդակ, ինչը համընկնում է 2008թ.-ի գնահատականի հետ:
ԱՎԾ նույն հետազոտության համաձայն, 2012թ. հետազոտության ընթացքում կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ ամենահաճախ պլաններից, տնային տնտեսության 16 և բարձր տարիքի անդամներից նշել են հետևյալը` ինձանից ոչինչ կախված չէ, կառավարությունը պետք է ապահովի աշխատանք և լավ պայմաններ (34.3%) կամ պլաններ չունեմ (24.3%): Հարցվածների 12.5%-ը նշել է, որ փնտրում է եկամտաբեր աշխատանք Հայաստանում, իսկ սեփական գործ ցանկանում է սկսել Հայաստանում միայն 0.5%-ը:
Հարցվածների 30.3%-ի կարծիքով, նոր սերունդն ավելի լավ կապրի, 27.9%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին, իսկ 21.7%-ի կարծիքով նոր սերունդն ավելի վատ կապրի, մնացած 20.1%-ի կարծիքով` նրանք կապրեն նույն ձևով: