Հայկ Դեմոյանն իր հեղինակած գրքի առաջին երեք օրինակն ուղարկեց Թուրքիայի նախագահին, վարչապետին ու արտգործնախարարին
«Օսմանյան Թուրքիայի անձնագիրն է այս գիրքը»: Այսպիսի գնահատական տվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանն իր իսկ հեղինակած գրքին՝ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին»:
Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
«Այս, ինչպես նաև նմանատիպ գրքերի առաջին երեք հասցեատերերը Թուրքիայի նախագահը, Թուրքիայի վարչապետը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարն են»,- ասաց Հայկ Դեմոյանը՝ համապատասխանաբար մակագրելով երեք գրքի վրա:
Նա նշեց, որ այս գրքերը կգնան նշված հասցեներով. «Մենք գիտենք ճանապարահը, ինչպես հասցել հասցեատերերին: Լավ կլինի, որ նրանք իրենց գրադարաններում տեղ ունենան մեր թանգարան-ինստիտուտի կողմից ուղարկված գրքերը հանգրվանելու համար»:
Հ. Դեմոյանն ասաց, որ գիրքը երկարատև հավաքչության արդյունք է. «Գաղափարը ծնվեց վեց տարի առաջ, այն հետևյալն էր՝ մամուլն օգտագործել՝ ներկայացնելով պատմական իրողությունը, պատմական իրողության անհերքելիությունը: Օրեցօր հարստանում էր իմ նյութը, մի կողմից տխրում էի՝ տեսնելով այդ ողբերգական դեպքերը, մյուս կողմից ուրախանում, որ այդ ամենը հավաքվում է մի տեղում»:
Լուսանկարներով հատորում ամփոփված են եզակի նյութեր` քաղված 19-20-րդ դարերի արտասահմանյան մամուլից: Հավաքածուն համոզիչ ներկայացնում է մարդկության և քաղաքակրթության դեմ թուրքական հանցագործությունների իրական պատկերը, որը մշտապես եղել է համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում: Գրքում ներառված են անգլիական, ֆրանսիական, ամերիկյան, իտալական, ռուսական, ավստրիական, չեխական, գերմանական և նորվեգական մամուլի նյութերը: Գիրքը պատրաստված է երկու լեզուներով` հայերենով և անգլերենով: Գրքի հրատարակությունը հնարավոր է դարձել «Ամերիա» ընկերությունների խմբի աջակցության շնորհիվ:
«Այս աշխատությունը ցույց է տալիս, որ աշխարհում հիմնականում տեղյակ են եղել հայ ժողովրդի դեմ կատարվող ոճրագործությանը ու ամեն պետություն արձագանքել է այն չափով, որքանով որ կարողացել է, համապատասխանել է տվյալ պետության շահերին»,- գրքի շնորհանդեսին նշեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը:
«Այն բոլոր մարդիկ, ովքեր ուզում են առերեսվել պատմության հետ, ունեն այդ հնարավորությունը, պարզապես պետք է թերթել այդ էջերը, այն էլ ոչ հայկական մամուլի, այլ միջազգային: Այս գիրքը կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մեր նախապատրաստական աշխատանքներում»,- ընդգծեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:
«Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն էլ ասաց, որ այս գիրքը ցույց է տալիս, որ հայերի կողքին եղել են այլազգիներ, ովքեր ընդունել են հայերի ցավը որպես անձնական ցավ. «Սա մեր երախտագիտության խոսք է այն երկրներին, այն մարդկանց, ովքեր օգնել են հայերին: Մեր խմբի համար գրքի հրապարակմանն աջակցելը հուզումնալից, բովանդակային, պատվիր հարց է»:
Հ. Դեմոյանը նշեց, որ արդեն պատրաստ է գրքի ռուսերեն տարբերակը, շուտով կլինի նաև ֆրանսերենը. «Համաշխարհային մամուլի արձագանքները Հայոց ցեղասպանության թեմայի արդիականության, ինչպես նաև միջազգային հանրության շրջանում այդ խնդիրների մասին իրազեկվելու պահանջի խոսուն վկայություններն են»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա