«Մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով՝ Ծաղկաձորում
Այսօր Ծաղկաձորում երկօրյա աշխատանքներն է սկսել ԵՊՀ-ի մանկավարժության ամբիոնի կազմակերպած «Մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով տարածաշրջանային միջազգային գիտաժողովը, որը նվիրվում է ԵՊՀ հիմնադրման 95 և մանկավարժության ամբիոնի 93 ամյակներին: Գիտաժողովին մասնակցում են գիտնական-մանկավարժներ Հայաստանից, Իրանից և Վրաստանից: Ներկա են Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մոհամմադ Ռեիսին, Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թենգիզ Շարմանաշվիլին, պատգամավորներ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովներից:
Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի, Հայաստանում ԻԻՀ դեսպանատան և «Տաթև» գիտակրթական համալիրի ֆինանսական աջակցությամբ: Այս մասին հայտնում են ԵՊՀ-ի մանկավարժության ամբիոնից:
«Գիտաժողովի նպատակն է համախմբել ու մեկտեղել տարածաշրջանի երեք երկրների΄ Հայաստանի, Իրանի և Վրաստանի գիտնական մանկավարժներին՝ քննարկելու մանկավարժության տարաբնույթ հիմնահարցերը, որոնք այսօր առկա են երեք երկրներում և սպասում են իրենց լուծումներին: Այսօրվա գիտաժողովը արգասիքն է մեր երեք ժողովուրդների սերտ բարեկամության: Եվ մենք լիահույս ենք, որ այս գիտաժողովը խորապես կնպաստի երեք երկրների մանկավարժների հետագա արդյունավետ համագործակցությանը»,-բացման խոսքում ասել է ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ մանկ. գիտ. դոկտոր, պրոֆ. Նազիկ Հարությունյանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր հայրապետական օրհնությունն է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը: Վեհափառի խոսքը գիտաժողովի մասնակիցներին փոխանցել է Գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:
Գիտաժողովին ողջույններով հանդես են եկել Հայաստանում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեսին, ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, ՀՀում Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական Նինո Աբցիաուրին, «Տաթև» գիտակրթական համալիրի տնօրեն Սոկրատ Մկրտչյանը, Հայաստանի ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, ԵՊՀ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Արպատ Ավանեսյանը:
Այնուհետև ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը շնորհակալագրեր է հանձնել գիտաժողովին ֆինանսական և կազմակերպչական աջակցություն ցուցաբերած կառույցների ղեկավարներին: Որից հետո գիտաժողովի մասնակիցներին ցուցադրվել է ԵՊՀ մանկավարժության ամբիոնի 93 ամյա գործունեության պատմության վերաբերյալ հետաքրքիր մի վավերագրական ֆիլմ:
Ֆիլմի ցուցադրումից հետո գիտաժողովն անցել է լիագումար նիստի զեկուցումներին:
Զեկուցումներով հանդես են եկել ԵՊՀ պրոռեկտոր Ա. Գրիգորյանը, ՀՀում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ռեիսին, ԵՊՀ մանկիավարժության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը և Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆ. Կախա Գաբունիան:
Ընդմիջումից հետո գիտաժողովը շարունակել է աշխատանքները երեք աշխատանքային խմբերում: Վաղը գիտաժողովը կշարունակի աշխատանքը:
Լուսանկարները` Լիլիան Գալստյանի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա