Մշակութային համագործակցության ծրագիր՝ Հայաստանի և Բելառուսի միջև
Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Բելառուսի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությանը: Հ. Պողոսյանն անդրադառձել է հայ- բելառուսական մշակութային համագործակցությանը՝ փառատոների, մրցույթների մասնակցության, թատերական, կինեմատոգրաֆիայի, երաժշտարվեստի, գրական-թարգմանական, ինչպես նաև համագործակցությանը միջազգային շրջանակներում:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է« որ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2014-2017 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիր:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարար Բորիս Սվետլովը:
Ծրագիրը բաղկացած է 12 հոդվածից և վերաբերում է մշակույթի, արվեստի բոլոր ոլորտներին: Ծրագրի համաձայն՝ կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն թատերարվեստի, երաժշտարվեստի, կինեմատոգրաֆիայի, գրադարանային և թանգարանային գործի, կերպարվեստի, ժամանակակից արվեստի բնագավառում համագործակցության զարգացման համար, կաջակցեն թատրոնների, երաժշտական, պարային խմբերի փոխադարձ հյուրախաղերի կազմակերպմանը, օպերայի և բալետի արտիստների ու թատերական ներկայացումների փոխանակմանը, երկու երկրներում անցկացվող միջազգային կինոփառատոներին:
Ըստ ծրագրի կողմերը կխրախուսեն իրենց երկրների գրադարանների միջև ուղիղ կապերի հաստատումը. կնպաստեն Բելառուսի ազգային գրադարանի և Հայաստանի ազգային գրադարանի մասնագետների միջև անմիջական համագործակցության զարգացմանը և փորձի փոխանակմանը: Միջոցներ կձեռնարկեն երկու երկրների թանգարանների հավաքածուներից ցուցահանդեսներ կազմակերպելու համար, կխրախուսեն և կնպաստեն Բելառուսի և Հայաստանի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսների փոխանակմանը: Տեղեկատվություն կփոխանակեն պատմամշակութային ժառանգության հաշվառման, պահպանության, վերականգնման, օգտագործման և պրոպագանդման ոլորտում:
Բելառուսի մշակույթի նախարար Բորիս Սվետլովի այցի ընթացքում Հայաստանում կանցկացվեն Բելառուսի մշակույթի օրեր, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Բելառուսի պարի պետական անսամբլը և «Չիստի Գոլոս» վոկալ համույթը, նույն օրը՝ ժամը 17:00-ին Հովհ. Թումանյանի թանգարանում կբացվի Բելառուսի ժամանակակից արվեստի կենտրոնի գրաֆիկայի լուսանկարչական ցուցահանդեսը: Հոկտեմբերի 18-ին ստեղծագործական պատվիրակությունը (Բելառուսի պարի պետական անսամբլը և «Չիստի Գոլոս» վոկալ համույթը) ելույթ կունենա Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Այցի ընթացքում նախատեսվում է բելառուսական պատվիրակության այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Մ. Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», «Զվարթնոց» և «Գառնի» պատմա-մշակութային արգելոց թանգարաններ, ինչպես նաև Գեղարդի վանական համալիր և տեսարժան այլ վայրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում