Րաֆֆի Հովհաննիսյան. Այս իշխանությունը նոր սահմանդրություն ներկայացնելու լեգիտիմ հիմքը չունի
Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ կարելի է իրականացնել միայն նոր իշխանության ձևավորումից հետո: Լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ծրագրային առումով կողմնակից ենք խորհրդարանական կառավարման ձևին, բայց այս իշխանությունը չունի այդ լեգիտիմ հիմքը ներկայացնելու որևէ փոփոխություն, նոր սահմանդրություն: Այս ընտրական վիճակով, քաղաքացիական իրավունքների ներկա արհամարհանքով կարևոր չէ կառավարման ձևը խորհրդարանական է, թե նախագահական: Պատկերացրեք, այս խորհրդարանական համակարգը լիներ ու այս Ազգային ժողովն ինքը նաև գործադիր իշխանություն կազմեր»,- ասաց նա:
Ր. Հովհաննիսյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների հայցեկարգին դեռևս ամբողջությամբ չի ծանոթացել, բայց անպայման կարդալու է ամբողջը:
«Ժառանգության կուսակցության ղեկավարի խոսքով, կան բովանդակային հարցեր, որոնք մտահոգում են իրեն, օրինակ՝ նախագահի նշանակում 7 տարով, Հայաստանի ինքնիշխանությանը սահմանափակող որևէ պայմանագիր հանրաքվեի դնելու դրույթը:
«Դա հակասահմանադրական առաջարկ է: Ներկա սահմանադրությունն ասում է, որ Հայաստանի ինքնիշխանությունն անօտարելի է, այս հոդվածը փոփոխման ենթակա չէ: Հանձնաժողովը հակասահմանադրական առաջարկ է արել»,- ասաց նա: