Փոփոխված սահմանադրությունը դրական արդյունք կտա միայն գրագետ քաղաքացիական հասարակություն ունենալու դեպքում. սահմանադրագետ
Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը գրագետ, իրավական առումով հիմնավորված փաստաթուղթ է: Panorama.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
Միաժամանակ նա նշեց, որ միայն փոփոխված սահմանադրությունը բավարար չէ դրական արդյունք ակնկալելու համար, անհրաժեշտ է իրականացնել գրագետ քաղաքացիական հասարակության կերտման ծրագիր, այսինքն ամենաբարձր պաշտոնյայից մինչև շարքային քաղաքացի պետք է ծանոթ լինեն Սահմանադրությանը:
«Բարեփոխված սահմանադրությունը կաշխատի միայն այն դեպքում, եթե իշխանությունը, հասարակությունը իմանան, թե ինչ է Սահմանադրությունը, ինչի համար է, ինչ խնդիրներ է լուծում, ինչ է պետությունը, խորհրդարանը»,- շեշտեց սահմանադրագետը:
Վ. Այվազյանը որպես օրինակ նշեց. «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ պատգամավորության թեկնածուները, քաղաքական ուժերը նախընտրական խոստումներ էին տալիս, որոնք որևէ առնչություն չունեին պատգամավորի գործառույթի հետ՝ ասֆալտ անել, կենցաղային խնդիրներ լուծել: Երբ որ ժողովուրդը հասկանա, որ պատգամավորը դրանց հետ որևէ առնչություն չունի, ձայնը կտա այն թեկնածուին, ով խոստանում է որակյալ օրենքներ ընդունել, որոնք կբխեն Սահմանադրությունից և օրենքներից»:
Նա նշեց, որ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն առաջին քայլն արել է՝ հանդես գալով գրագետ փոփոխություններով, երկրորդ քայլը կախված է կոնկրետ իշխանություններից, ովքեր այս փոփոխություններին զուգահեռ պետք է ձեռնամուխ լինեն նաև այս խնդրի լուծմանը:
«Քաղաքական գիտելիքների առումով գրագետ հասարակություն ինքն իրեն չի ձևավորվում, պետությունը պետք է ձևավորի: Եթե ապավինենք, որ ժողովրդի գիտակցական մակարդակն ինքն իրեն կբարձրանա, խաբեություն կլինի: Պետք է իշխանությունների ջանքներն ուղղված լինեն այդ ուղղությամբ, այլապես սահմանադրական փոփոխությունները դրական պտուղներ չեն տան, նույնիսկ եթե կառավարման ձևն էլ փոխվի՝ նախագահականից խորհրդարանականի, էլի վիճակը կմնա նույնը, ոչ դրական, ոչ էլ բացասական առումով փոփոխություն չի լինի»,- վստահ է մասնագետը:
ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտը նշեց, որ հասարակության սոցիալական վիճակի լավացում պետք է ակնկալել միայն այն դեպքում, երբ որ Սահմանադրությունը՝ գործող կամ բարեփոխված տարբերակով, սկսի աշխատել:
«Երբ որ Սահմանադրությունն աշխատի, այն իր անմիջական ազդեցությունը կունենա հասարակության սոցիալական վիճակի լավացման վրա: Սոցիալական վիճակի լավացումը պայմանավորված է հասարակության և պետության փոխհարաբերությունների ներդաշնակությամբ: Եթե այդ ներդաշնակությունը չկա, պետությունն իր ամբողջ ռեսուրսները վատնում է հասարակության հետ առճակատումները հանդարտացնելու վրա, ռեսուրս չի մնում, որ օգտագործի հասարակության սոցիալական վիճակը բարելավելու համար: Երբ որ իշխանության, հասարակության գրագիտության մակարդակը բարձրանա, արժեքներն աշխատեն, ինքնաբերաբեր սոցիալական կենսամակարդակն էլ կսկսի բարձրանալ»,- ասաց Վարդան Այվազյանը: