Չեխիան կաջակցի Արմավիրի մարզի բուժհիմնարկներին
ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական Նորբերտ Սչելոնգի ղեկավարած պատվիրակությանը` ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ։
ԱՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Արմավիրի մարզը Չեխիայի Մորավսկո-Սիլեզյան երկրամասի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել 2014թ. հունվարի 31-ին։ Համագործակցության շրջանակում այս անգամ Հայաստան ժամանած պատվիրակության կազմում Արմավիրի բարեկամ-գործընկեր երկրամասի բժշկական կազմակերպությունների ղեկավարներ են։ Չեխիայի առողջապահության նախարարի խորհրդականի հետ նրանք եղել են Արմավիրի մարզի մի շարք բուժհաստատություններում և տարբեր ուղղություններով համագործակցության ծրագրեր են առաջարկում։ Նրանք ցանկություն են հայտնել աջակցել մարզում բժշկական և ախտորոչիչ մեկ կենտրոն արդիականացնելու, միջհիվանդանոցային կապեր հաստատելու, ինչպես նաև համատեղ այլ ծրագրեր իրականացնելու։
Հանդիպման ընթացքում Նորբերտ Սչելոնգը նախ փոխանցել է Չեխիայի առողջապահության նախարարի ողջույնը և ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության պատրաստակամությունը։
Հյուրերի խնդրանքով առողջապահության փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առողջապահության համակարգը` կառուցվածքը, կառավարման և ֆինանսավորման մեխանիզմները, կրթական համակարգը։
Քննարկվել են նաև Հայաստանում բժշկական ապահովագրական գործող համակարգը, զարգացման հեռանկարները։ Չեխիայի Հանրապետության առողջապահական համակարգի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել համագործակցել նաև այս ուղղությամբ` թե՛ իրենց փորձը ներկայացնելով, թե՛ գործնական մասնակցություն ունենալով։
Վահան Պողոսյանն առաջարկել է աշխատանքային խմբեր ստեղծել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ կքննարկվեն և կմշակվեն համագործակցության բոլոր քայլերն ու ծրագրերը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա