ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մամլո հաղորդագրությունը՝ տարածաշրջան այցի կապակցությամբ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) այս շաբաթ ժամանել են տարածաշրջան՝ երկրների ղեկավարների հետ հանդիպելու և մասնակցելու հայ-ադրբեջանական սահմանի ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությանը: Համանախագահներին միացել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ամերիկացի համանախագահ Ջեյմ Ուորլիքը չի մասնակցում այցին, սակայն պատվիրակության մեջ կա ԱՄՆ-ի ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Բաքվում համանախագահները հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, իսկ Հայաստանում՝ նախագահ Սարգսյանի հետ: Երևանում համանախագահները քննարկում են ունեցել նաև ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երկու մայրաքաղաքներում համանախագահները քննարկել են. հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդի կողմից նախաձեռնած Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր: Համանախագահները վերագնահատել են նախագահների՝ Սոչիի և Ուելսի վերջին հանդիպումները՝ արձանագրելով շփման գծի երկայնքով իրավիճակի կայունացում ամռանը առաջացած լարվածությունից հետո: Նրանք նաև հույս են հայտնել, որ հրադադարի ռեժիմի վերջին խախտումները չեն սրի իրավիճակը:
Նախագահների հետ հանդիպումից բացի համանախագահները մասնակցել են ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը հայ-ադրբեջանական սահմանին: Սահմանի երկու կողմերում հանդիպում են ունեցել տեղական պաշտոնյաներին և հրամանատարներին՝ ճեպազրույց ունենալով անվտանգության հարցերի շուրջ: Համանախագահները կողմերին կոչ են արել քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և խուսափել բռնությունից, մասնավորապես քաղաքացիական անձանց նկատմամբ: