Վարժանք. գործողություններ էբոլա վիրուսի ներթափանցման դեպքում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՀՀ ԱՆ Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է էբոլա վիրուսի ներթափանցման դեպքում պատրասվածության աստիճանը գործնականում գնահատելու համար կազմակերպված ուսումնական վարժանքին: Այս մասին հայտնում են առողջապահության նախաարարության լրատվական ծառայությունից:
Միջոցառմանը ներկա են եղել մայրաքաղաքի և մարզերի համաճարակաբաններն ու վարակաբանները, սահմանակետերի բժշկասանիտարական հսկիչ ծառայության ղեկավարները:
«Մեր պատրաստվածության աստիճանը պետք է չափազանց բարձր լինի` վիրուսի ներթափանցման առաջին իսկ կասկածի դեպքում հնարավոր վիրուսակրին մեկուսացնելու, բուժումը կազմակերպելու համար: Ողջ գործընթացը պետք է լինի խիստ կանոնակարգված և կազմակերպված»,-ընդգծել է Արմեն Մուրադյանը` կարևորելով բժշկական անձնակազմի պատարստվածության և իրազեկվածության բարձր մակարդակը:
Նրա գնահատմամբ` բարձր կազմակերպվածությամբ կարելի է խուսափել հնարավոր վտանգներից և ռիսկերից: Նախարարը կարևորեց, որ էբոլա վիրուսով կասկածյալի հայտնաբերման պահից մինչև բժշկական կազմակերպություն նրա տեղափոխումն իրականացվի մշակված ժամանակացույցի, գործողությունների պլանի համաձայն` նշված մասնագետների պատասխանատվությամբ: Որպես կազմակերպվածության լավ օրինակ մատնանշեց Առողջապահական պետական տեսչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ ծառայության աշխատանքը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղեկալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ նախարարությունում ևս անցկացվել են շտաբային վարժանքներ:
«Դրանց շնորհիվ հստակեցրել ենք բոլոր ծառայությունների և մասնագետների պատասխանատվությունները, պարտականությունները և գործողությունները, որոնք պետք է իրականացվեն էբոլա վիրուսով կասկածյալ հիվանդի Հայաստան ժամանելու դեպքում»,- հայտնեց Սերգեյ Խաչատրյանը` հանգամանալից ներկայացնելով տվյալ իրավիճակի համար սահմանված բոլոր քայլերի հաջորդականությունը։
Նա կարևորեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի և սահմանային անցումային յոթ կետերի մասնագետների համակարգված աշխատանքը:
«Բոլոր գործողությունները հստակ հաջորդականությամբ պետք է լինեն համակարգված»,- ընդգծել է նախարարի տեղակալը:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը ներկայացրել է Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության համաճարակային իրավիճակն աշխարհում։ Նշել է, որ արդեն շուրջ մեկ ու կես ամիս է, ինչ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ամրագրվել և իրականացվում են հնարավոր բոլոր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները։ Ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում։ Տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին, ձեռք է բերվել մեծաթիվ անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ։ Հեռակառավարվող ջերմացույցի միջոցով կատարվում է ուղևորների ջերմության որոշում, իսկ օդանավակայանում սահմանային սանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբաններն իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ` կասկածելի դեպքերի հայտնաբերման նպատակով: Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատողներն ապահովված են անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով, ախտահանիչ նյութերով:
«Այսօրվա վարժանքի նպատակը վարակաբանների, համաճարակաբանների, սահմանային կետերի համաճարակաբանների փոխհամագործակցության ապահովումն է»,-ասել է Արտավազդ Վանյանը:
Նրա առաջարկով մարզային սահմանային անցակետերում կստեղծվեն արագ արձագանքնման խմբեր, որոնք կիրականացնեն անհրաժեշտ միջոցառումներ վարակի տարածումը տեղում կանխարգելելու նպատակով:
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը նշել է, կենտրոնն ապահովված է անհրաժեշտ պայմաններով վարակի կասկածի դեպքում հիվանդներին մեկուսացնելու համար։
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը նշել է, որ հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները և ուսումնասիրելով Էբոլա վիուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի կողմից առաջարկված միջոցառումները` ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է մի շարք միջոցառումներ: Բժշկական անձնակազմի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել է մեթոդական ուղեցույց։ Մշակվել է հուշաթերթ ազգաբնակչության համար:
Ուղևորներն ախտահարված երկրներ այցելության ժամանակ իրազեկվում են հնարավոր վտանգների մասին։ Իրականացվել են սեմինար դասընթացներ բուժանձնակազմի, տուրիստական կազմակերպությունների համար։
Կարևորվել է միմյանց հետ 24 ժամ կապի մեջ լինելու, արագ արձագանքելու, տեղեկատվությունը փոխանակելու անհրաժեշտությունը: Գնահատվել են սահմանային կետերի կարիքները, թարմացվեց տվյալների բազան, հստակեցվել է կազմակերպչական այլ հարցեր:
Ուսումնական վարժանքի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը պատասխանել է մասնագետների հարցերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա