Արմեն Ռուստամյան. Եռյակն էլ է իշխանությունների հետ բանակցությունների մեջ
«Մեզ համար անընդունելի է ոչ իշխանական եռյակի պահվածքը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա հիշեցրեց, որ եռյակը հանրահավաքի ժամանակ 12 կետերի վերաբերյալ ամփոփումն արեց եռյակի անունից, մինչդեռ իրենք պայմանավորվել էին, որ դա պետք է արվեր քառյակի անունից: Ա. Ռուստամյանի խոսքով, ՀՅԴ-ն էական դերակատարում է ունեցել այդ կետերը կազմելիս, սակայն եռյակը հանրահավաքի ընթացքում որոշել է դրանց ամփոփումն իրականացնել եռյակի անունից:
Պատասխանելով հնչած դիտարկմանը, թե եռյակը հանրահավաքի ժամանակ 12 կետերի ամփոփումը ՀՅԴ-ի անունից չի հնչեցրել, պատճառաբանելով, թե ՀՅԴ-ն բանակցությունների մեջ է իշխանությունների հետ, ՀՅԴ-ականն ասաց, որ եռյակն էլ է բանակցությունների մեջ իշխանությունների հետ. «Նրանք էլ իրենց հարցերի շուրջ են իշխանությունների հետ բանակցությունների մեջ: Դա հետո կերևա: Դաշնակցությունն իր բոլոր քայլերն արել է հրապարակային, մենք երբեք չենք թաքցրել, որ կողմ ենք կառավարման խորհրդարանական մոդելին»:
Պատասխանելով հարցին, թե ՀՅԴ-ն շարունակո՞ւմ է քառյակում լինել, Ա. Ռուստամյանն ասաց. «ՀՅԴ-ն շարունակում է լինել այնտեղ, որտեղ 124 տարի է, իսկ եռյակը թող խոսի այն ժամանակ, երբ այդ ճանապարհի գոնե կեսի կեսը կանցնի»:
Նա նաև ասաց, որ ՀՅԴ խմբակցությունը չի մասնակցել եռյակի կողմից Ընտրական օրենսգրքում բարեփոխումների և Հայաստանում կառավարման ճգնաժամի վերաբերյալ հայտարարության նախագծերի ձևավորմանը, որոնք ներկայացված են արտահերթ քննարկման:
«Մենք այդ գործընթացներին չենք մասնակցել, քանի որ նրանք այդ հարցերը մեզ հետ չեն քննարկել: Եթե նրանք մեզ հետ դա չեն քննարկել, մենք ինչի՞ համար պետք է մասնակցեինք ստորագրահավաքին արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ»,-ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում