Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների առանձնահատկությունները և զարգացման հեռանկարները
Երկօրյա պաշտոնական այցով Իրանում է գտնվում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Իրանի նախագահի, մեջլիսի նախագահի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հանդիպումների առանցքում է լինելու հայ-իրանական հարաբերությունների էլ ավելի խորացման և զարգացման հարցերը: Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը և Իրանի դեմ Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների մասնակի թուլացումը նոր հնարավորությունների հեռանկարներ է բացում երկու երկրների հարաբերություններում, որոնք, անշուշտ, բարձրաստիճան մակարդակով քննարկելու կարիք ունեն: Այս համատեքստում ներկայացնենք հայ-իրանական տնտեսական հարաբերությունների անցած ուղին, զարգացման առանձնահատկությունները և հեռանկարները:
Հայաստանի տնտեսության կայունության ապահովման հարցում Իրանը ունի չափազանց մեծ կարևորություն: Երկկողմանի շրջափակման պայմաններում արտաքին աշխարհի հետ Հայաստանի ապրանքափոխանակության 30%-ը կատարվում է Իրանի տարածքով: Իրանը Ռուսաստանից, Չինաստանից, Գերմանիայից հետո չորրորդ խոշոր առևտրային գործընկերն է: 2013թ-ին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 293 մլն դոլար: 2012թ-ի համեմատ առևտրաշրջանառությունը կրճատվել է 34 մլն դոլարով: Ընդ որում, վերջինս կրճատվել է գրեթե հավասարապես երկու երկրների արտահանման կրճատման հետևանքով: Ապրանքաշրջանառության կրճատման հիմնական գործոնը հանդիսացել է նախորդ տարի պատժամիջոցների խստացումը, որի արդյունքում թե ընդհանուր արտահանումը(այդ թվում նաև դեպի Հայաստան), թե ներմուծումը փոքր ինչ նվազել է:
Սակայն պետք է փաստել, որ 2009թ-ից հայ-իրանական առևտրական կապերը դինամիկ աճ են գրանցել և այդ առումով կենդանիների, սննդամթերքի, էլեկտրաէներգիայի, քիմիկատների, հանքահումքային արտադրանքի և այլ ապրանքների մասով կա պոտենցիալ ավելացնելու ապրանքաշրջանառությունը:
Առևտրատնտեսական կապերի կառուցվածքում Իրանից Հայաստան ներդրումների ծավալները աննշան են, որը ունի օբյեկտիվ պատճառներ՝ պատժամիջոցների կիրառման պարագայում Իրանը ֆինանսական միջոցների մեծ կարիք ունի և շատ քիչ դեպքերում է իր երկրի սահմաններից դուրս օտարերկրյա ներդրումներ կատարում:
Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերություններում առանձնահատուկ է «գազ էլեկտրականության դիմաց» գործարքը, որի արդյունքում արդեն տարիներ շարունակ գազ-էլեկտրաէներգիա փոխանակության գործարքը իրականացվում է 1:3 հարաբերակցությամբ և դեպի Իրան էլեկտրաէներգիայի մատակարարը հանդիսանում է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ն: Իրան-Հայաստան գազատարով վերջին տարիներին ներմուծվում է տարեկան մոտ կես մլրդ խորանարդ մետր գազ, ինչը փոխանակվում է էլեկտրէներգիայով: Պետք է փաստենք, որ գործարքի արդյունավետության մասին վկայում է ոչ միայն տարիների անխափան գործունեությունը, այլև այն, որ հայկական և իրանական կողմերը ոչ մեկ անգամ են հայտարարել գազ-էլեկտրաէներգիա փոխանակության ծավալների ավելացման մասին: Ամենևին էլ զարմանալի չէ, որ այսօրվա այցի շրջանակներում արդեն համաձայնություն է ձեռք բերվել Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման հարցում:
Հայ-իրանական հարաբերությունների օրակարգի կարևորագույն հարցերից է Մեղրիի Հէկի նախագիծը, որի հիմնարկեքը տեղի է ունեցել 2012- դեկտեմբերին: Շինարարության արժեքը գնահատվում է 320 մլն դոլար: Նախատեսվում է, որ այդ գումարը կտրամադրի Իրանը: Սկսած 2017-ից եւ 15 տարիների ընթացքում կայանի ամբողջ էլեկտրաէներգիան մատակարարվելու է Իրանին՝ շինարարության ծախսերը փակելու: Դրանից հետո կայանը կանցնի Հայաստանի կառավարման ներքո: Չնայած այժմ նախագիծը չի գտնվում ակտիվ փուլում, սակայն դատելով այսօր Իրանի էներգետիկայի նախարարի հայտարարությունից, այդ նախագծի իրականացման հարցում ևս համաձայնության են հասել հայկական պատվիրակության հետ:
Հայ-իրանական տնտեսական հարաբերությունները նոր շրջան են թևակոխում հաշվի առնելով երկու կարևոր իրողություններ: Առաջին հերթին՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը ենթադրում է, որ Իրանը կդառնա երրորդ երկիր, որտեղից ներմուծվող ապրանքների դեպքում պետք է կիրառվեն ԵՏՄ միասնական ընդունված մաքսատուրքեր, մյուս կողմից 75 միլիոնանոց իրանական շուկան սահմանակից կդառնա 170 միլիոնանոց Եվրասիական տնտեսական միությանը և որոնց կապող երկիրը կարող է դառնալ Հայաստանը: Երկրորդ հերթին՝ վերջին մեկ տարվա ընթացքում ականատես եղանք Իրանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների ռեժիմի թուլացմանը, ինչը հուշում է, որ գործընթացը կարող է շարունակվել՝ մոտ ապագայում ընդհուպ մինչև Արևմուտքի կողմից պատժամիջոցների վերացում: Սա լիովին նոր իրավիճակ կստեղծի Հայաստանի համար, քանի որ առկա պատժամիջոցները իրական խոչընդոտ են հայ-իրանական տնտեսական հարաբերությունների խորացման հարցում, մասնավորապես բանկային ոլորտում, որտեղ Հայաստանը ունի բավականաչափ կայացած համակարգ և կարող սպասարկել ծանրակշիռ գործարքներ:
Հաշվի առնելով այս կարևոր իրողությունները՝ կարել է եզրահանգել, որ առաջիկայում հայ-իրանական հարաբերություններին սպասվում է նոր փուլ, իսկ փոխշահավետ պայմանների ապահովումը պայմանավորված է արդյունավետ բանակցություններից:
Հակոբ Սաֆարյան, տնտեսագետ