Կրծքագեղձի քաղցկեղը մահապատիժ չէ. վաղաժամ ախտորոշման դեպքում բուժման արդյունքները անհամեմատ լավն են. ուռուցքաբան
Երևանում այսօր մեկնարկեց Կրծքագեղձի քաղցկեղի աշնանային գիտաժողովը, որը նվիրված էր կրծքագեղձի բուժման ժամանակակից մեթոդների կիրառմանը: Գիտաժողովը կազմակերպվել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և The American Austrian Foundation-ի նախաձեռնությամբ:
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան, մամոլոգ Արթուր Ավետիսյանը, գիտաժողովի շրջանակներում ամերկացի օնկոպլաստիկ վիրաբույժ Մահմուդ Էլ-Թամերը հայ բժիշկներին կներկայացնի ամերիկացի գործընկերների փորձը կրծքագեղձի քաղցկեղի օնկոպլաստիկայի վերաբերյալ, տեղային տարածված կրծքագեղձի քաղցկեղի խնդիրները, ինչպես նաև բուժման տակտիկան նեոադյուվանտ քիմիաթերապիայից հետո:
Նրա խոսքերով` գիտաժողովի նպատակն է ընդլայնել ցուցումներն ու հնարավորությունները, մասնավորապես` կրծքագեղձի քաղցկեղի դեպքում կատարել օրգանպահպանման վիրահատություններ, քան կրծքագեղձի հեռացում:
Ա.Ավետիսյանը նշեց, որ հոկտեմբերը միջազգայնորեն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս: Այդ կապակցությամբ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը բոլոր կանանց առաջարկել էր կրծքագեղձի անվճար խորհրդատվություն և անհրաժեշտության դեպքում գործիքային հետազոտություն անցնել՝ առկա խնդիրները ժամանակին ախտորոշելու նպատակով:
Ակցիան գործում էր հոկտեմբեր ամսվա բոլոր շաբաթ օրերին: Ուռուցքաբանի խոսքերով` հոկտեմբերի վերջին արդյունքներն ամփոփելուց հետո միայն կարող են հստակ ասել, թե քանի կին է օգտվել կենտրոնի առաջարկած կրծքագեղձերի գործիքային հետազոտությունից և խորհրդատվությունից: Այդուհանդերձ, ըստ նրա, նախնական տվյալներով, այդ ծառայություններից օգտվել է 1000-ից ավելի կին:
«Իհարկե մշակույթը փոխվել է, կանայք սկսել են բժշկի ավելի հաճախ դիմել, սակայն դա բավարար չէ: Անվճար ակցիաները ցույց են տալիս, որ կանայք առաջին հերթին բժշկի չեն դիմում` կապված ֆինանսական խնդիրների հետ: Մինչդեռ ակցիաների ժամանակ հետազոտվում են նաև այնպիսի կանայք, որոնք որևէ խնդիր չունեն, այսինքն` գալիս են պրոֆիլակտիկ հետազոտման համար»,- ասաց Ա.Ավետիսյանը:
Ուռուցքաբանի խոսքերով` թեև կանանց շրջանում չարորակ ուռուցքների շարքում կրծքագեղձի քաղցկեղը ավելի հաճախ հանդիպողներից է, սակայն կրծքագեղձի քաղցկեղը մահապատիժ չէ: «Վաղաժամ ախտորոշման դեպքում այդ հիվանդությունից լիովին բուժվելու հավանակությունը շատ ավելի մեծ է: Ժամանակակից բժշկությունը դրա համար ունի բավականաչափ մեթոդներ ու բուժման տեխնիկա»,- նշեց Ա.Ավետիսյանը:
Նշենք, որ ամեն տարի աշխարհում գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի 1 մլն-ից ավելի նոր դեպք, ընդ որում՝ դրանց 25%-ը հայտնաբերվում է 50 տարեկանից ցածր կանանց շրջանում: