Արևմուտքը հող է նախապատրաստում Ադրբեջանի իշխանություններին պատժելու համար. «Ազադլիգ»
«Ադրբեջանի իշխանությունները պատժամիջոցներից մեկ քայլ հեռավորության վրա են, և Արևմուտքի կողմից Ադրբեջանին ուղղված ժողովրդավարության կոչերը միտված են պատժամիջոցների կիրառման համար հող նախապատրաստելուն»,-գրում է ադրբեջանական «Ազադլիգ» պարբերականը՝ հղում տալով իր դիվանագիտական աղբյուրներին:
Պարբերականը հիշեցնում է, որ ԵԽԽՎ-ն հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի հետ կապված խիստ բանաձև էր ընդունել: Խոսքը հերթական բանաձևի մասին է, որով կոչ էր արվում Ադրբեջանի իշխանություններին ազատել քաղբանտարկյալներին և դադարեցնել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետապնդումները: Ապա Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը և միջազգային հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության նախագահ Դեյվիդ Քրամերը օրակարգ են բերել պատժամիջոցների հարցը: Այնուհետև ԱՄՆ պետքարտուղարությունն իր հերթին ևս Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսի գլխավորությամբ:
«Մենք համառում ենք, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անմիջապես ազատ արձակի օրենքի գերակայության նկատմամբ հարգանք ու հիմնարար ազատություններ պահանջելու համար ձերբակալված բոլոր անձանց» -հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին:
Ադրբեջանին վերաբերող թերևս վերջին կոշտ հայտարարության հեղինակն ԱՄՆ-ի պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով օգնականի տեղակալ Թոմաս Մելիան է: Նա անընդունելի է որակել Ադրբեջանում արտասահմանյան, ինչպես և տեղական ոչ կառավարական կազակերպությունների (ՀԿ) դեմ Ադրբեջանի իշխանության կողմից տարվող ռեպրեսիվ քաղաքականությունը: Նա հայտնել է, որ վերջին ամիսներին տարած բռնաճնշումների քաղաքականության պատճառով Ադրբեջանի իշխանությունների և Վաշինգտոնի միջև սուր բանակցություններ են ընթանում:
«Ադրբեջանի իշխանություններն այդ բոլորին ագրեսիվ տոնով պատասխան են տալիս, ինչը կարող է նրանց համար լուրջ բանսարկությունների պատճառ դառնալ: Ադրբեջանի իշխանությունները կարծում են, որ ագրեսիվություն դրսևորելով, Արևմուտքին շանտաժի ենթարկելու ճանապարհ բռնելով՝ կարող են մեղմացնել նրա դիրքորոշումը: Ընդհակառակը, նման գործելակերպով ադրբեջանական իշխանությունները պատժամիջոցների հող են պատրաստում՝ կարծես ավելի հեշտացնելով Արևմուտքի գործը»,_նշում են «Ազադլիգի» աղբյուրները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն Լեյլա Յունուսին ձերբակալել են հուլիսի 30-ին: Նրան և իր ամուսին Արիֆ Յունուսին մեղադրում են «հայրենիքին դավաճանելու» համար: Արևմտյան հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները Յունուս ամուսինների ձերբակալությունը բազմիցս որակել են Ադրբեջանի իշխանությունների հերթական բռնաճնշումների հետևանք: Մասնավորապես, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ճանաչել է «խղճի բանտարկյալ»:
Հավելենք նաև, որ Յունուս ամուսինների ձերբակալությանը նախորդել էր ադրբեջանական ռուսալեզու «Զերկալո» պարբերականի տեսաբան, լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալությունը: Նրան մեղադրում են պետական դավաճանության, լրտեսության և «հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու» հարցում:
Ադրբեջանի իշխանությունները վերջին շրջանում սուր են արձագանքում մարդու և խոսքի ազատության ոտնահարումների հարցում իրենց ուղղված մեղադրանքներին՝ կոչ անելով Արևմուտքին զբաղվել սեփական խնդիրներով և չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին: