Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կարոտ են մնացել որակյալ սննդի
Չնայած որ Ադրբեջանում ռազմական բյուջեն պաշտոնական տվյալներով տարեց տարի աճում է, Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները դժգոհում են սննդի որակից ու քանակից, հաղորդում է ադրբեջանական MeydanTV հեռուստաալիքի կայքը:
Համաձայն աղբյուրի՝ 2014-ին զորացրված ոմն Էլչին Ալիզադեն պատմել է, որ զինծառայության ընթացքում իրենց ուտեստների փոխարեն պահածո էին տալիս:
«Պահակակետ գնալիս կրկնակի սննդապաշար չէր տրվում, միայն կրկնակի չափով կարագ էր տրվում: Ընդհանուր առմամբ մեր սնունդը վատն էր»,-նշել է նա:
Իսկ Ֆիզուլիի ուղղության առաջնագծի հատվածում, զինծառայություն անցած զինվորներից մեկն էլ շեշտել է, որ «կարոտ էին մնում որակյալ ուտեստների»:
«Մեր զորամասը Հարամի հարթավայրում էր, մեզ շատ վատ ուտելիք էին տալիս: Ձմռան ամիսներին երբեմն նույնիսկ ճաշ չէին տալիս»,-նշել է զինծառայողը:
MeydanTV-ն, հղում տալով 2014-ի հունվար-մայիս ամիսներին Ադրբեջանի ԶՈւ-ում գնումների ռեգիստրի ուսումնասիրությունը, ուշագրավ փաստեր է հրապարակել նաև բանակում սննդի ապահովման հարցում 2013-ի հոկտեմբերից որպես պաշտպանության նախարար պաշտոնավարող Զաքիր Հասանովի դերի մասին: Համաձայն աղբյուրի՝ գալով պաշտոնի՝ Հասանովն իր հետ բերել է նաև իր վերահսկողության ներքո գտնվող, սնունդ արտադրող ընկերություններին:
Ավելին, իրավիճակի վրա լիարժեքորեն ներազդելու համար նոր նախարարը ՊՆ ֆինանսական վարչության պետ է նշանակել իր կադրը համարվող փոխգնդապետ Նամիգ Փոլադովին, որը տևական ժամանակ եղել է ներքին զորքերի ֆինանսական բաժնի պետը: Փոլադովն էլ իր հերթին ՊՆ սննդի մատակարարներին փոխել է: Հասանովի՝ նախարար դառնալուց ի վեր ներքին զորքերի սննդի մրցույթներին (տենդեր) մշտական հաղթող մի շարք ընկերություններ անհայտ պայմաններում հաղթեցին նաև ՊՆ մրցույթներում: Դրանք բոլորը գրանցված են միևնույն հասցեում:
Իրավիճակը մեկնաբանել է նաև Ադրբեջանի ռազմական փորձագետներից մեկը՝ Ուզեիր Ջաֆարովը:
«Ադրբեջանի բանակում ոչ կանոնադրական գործողությունները կոռուպցիայի հետևանք են: Դրանց պետք է համալիր գնահատական տրվի՝ հրամանատարական կազմի հոգեբանական վիճակից մինչև կոռուպցիոն գործոններ, քանի որ ոչ մարտական կորուստների մի մասը բաժին է ընկնում կոռուպցիային և սպայական անձնակազմի անուշադիր վերաբերմունքին»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի հուլիսին հայտնի էր դարձել՝ Ադրբեջանի սուպերմարկետներից մեկում ապօրինի կերպով վաճառքի էին հանել միայն զինծառայողների օգտագործման համար նախատեսված պահածոները: 2014-ի սեպտեմբերին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժության ընթացքում ադրբեջանական լրատվակայքերը լուրեր էին շրջանառել, որ Ադրբեջանի ՊՆ-ն այսուհետ ապահովելու է զինծառայողներին բարձր կալորիականության, այսպես կոչված «ազգային» պահածոյացված ուտեստներով, որոնց շարքում նշված էր տոլման: