Հնարավոր է ցրտահարություն. ինչպես փրկել բերքը
Արտակարգ իրավիճակների նախարարությաը զգուշացնում է, որ հոկտեմբերի 21-ի գիշերը Արարատյան դաշտում օդում հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչև 0 աստիճան, հողի մակերևույթին -1…-2 աստիճան ցուրտ:
Panorama.am-ի հետ զրույցում գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն ասաց, որ իրենք չորս մարզի՝ Արարատի և Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի ցածրադիր հատվածների գյուղացիական տնտեսություններին իրազեկել են սպասվող հնարավոր ցրտահարության մասին:
«Միանշանակ չենք կարող ասել, որ լինելու է ցրտահարություն: Եթե ամպամածություն լինի, ցրտահարություն չի լինի: Հավանական է, որ եթե գիշերվա երկրորդ կեսին եղանակը պարզվի, հողի մակերևույթին ջերմաստիճանը հասնի -1…-2 աստիճանի»,- ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ գյուղացիական տնտեսություններին խորհուրդ են տվել հնարավորություն դեպքում արագ հավաքել բերքը, կամ եթե բույսը հնարավոր չէ վրայից հավաքել, արմատախիլ անել բույսով, իրար վրա լցնել, կույտ անել ու ծածկել բույսերի մնացորդներով կամ սինթետիկ թաղանթներով:
«Քանի որ եղանակային պայմանները բարենպաստ էին, դեռևս դաշտերում բերք կա, հիմնականում՝ լոբի, վարունգ, կանաչեղեն, սմբուկ, լոլիկ, պղպեղ»,- ասաց Գ. Պետրոսյանը՝ շեշտելով, որ պտղատու ծառերին որևէ վտանգ չի սպառնում, քանի որ օդում ջերմաստանը 0-ից չի իջնի:
Գյուղատնտեսության փոխնախարարը ջերմաստիճանի իջեցումը համարում է օրինաչափ, արտառոց որևէ բան չկա, այս ժամանակաշրջանին բնորոշ երևույթ. «Մեր առաջին ցրտահարության վտանգը լինում է հոկտեմբերի 5-6-ին, եթե տեղի չի ունենում՝ հոկտեմբերի 18-21 ընկնած ժամանակահատվածում, երբ տեղումներ են լինում՝ բարձրադիր հատվածներում ձյան տեսքով: Այնուհետև արդեն նոյեմբերին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները