ԱԺ նախագահը՝ Գ. Ծառուկյանի հայտարարության մասին. «Ցավալին այն է, որ ոչ մեկը գիտնական դառնալու հայտ չի ներկայացնում»
Հայաստանում իշխանափոխության գործընթաց չի սկսվել, որովհետև երեք քաղաքական ուժերն ընդհանրապես տարբեր մեկնաբանություններ ունեն և ներքաղաքական կյանքի, և սկզբունքների առումով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման դիտարկում արեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Պատասխանելով հարցին, որ եթե սահմանադրական բարեփոխումների շուրջ համախմբում չլինի, հնարավո՞ր է, որ իշխանությունները հետաձգեն սահմանադրական փոփոխությունները, ԱԺ նախագահը պատասխանեց. «Չեմ կարծում, որ համախմբում չլինի: Հայաստանում երեք կուսակցություններ չեն, այն էլ այնպիսի կուսակցություններ, որոնք առանձին-առանձին տարբեր մեկնություններ ունեն: Մենք ունենք բավականին արտախորհրդարանական ուժեր, միայն Հանրապետական խմբակցությունում հինգ կուսակցությունների լիդերներ են նստած, ՀՅԴ-ն կարծես թե դրական քննարկում է: Քաղաքական ուժերի կոնսոլիդացիան ենթադրում է, թե ինչպիսի վերաբերմունք կդրսևորի ժողովուրդը»:
Պատասխանելով հարցին, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի բացառել իր` նախագահի թեկնածու դառնալը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մենք բոլորս էլ, մեր ազգը տոգորված է, գոնե մտքում մտածում է ինչ-որ մի բան կդառնա՝ կամ նախագահ, կամ վարչապետ, կամ նախարար: Ցավալին այն է, որ ոչ մեկը հայտ չի ներկայացնում գիտնական դառնալու, իսկ մենք գնում ենք այն ճանապարհով, որպեսզի ավելի շատ գիտությունը զարգանա, քանի որ դրանով է պայմանավորված մեր երկրի հզորությունը»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե Ղազախստանի նախագահը Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցում հայտարարել է, որ սահմանների հարցում փոխզիջումային տարբերակ է ընտրվել, ո՞րն է այդ տարբերակը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Այս պահին մեզ Նազարբաևը որևէ հայտ չի ներկայացրել և չի էլ կարող ներկայացնել: Մենք գնում ենք մեր որդեգրած ճանապարհով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները