«ՎԶԵԲ-ի համար արդիական են մնում Հայաստանում տեղական արժույթով ռեսուրսների հասանելիության բարձրացումը»
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նախօրեին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահի առաջին տեղակալ Ֆիլիպ Բենեթին:
Նախարար Կարեն Ճշմարիտյանը բարձր է գնահատել Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև հաստատված երկարամյա արդյունավետ համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ առաջիկայում տարբեր ոլորտներում ավելի խորը համագործակցության հնարավորություններ կլինեն: Այս մասին հայտնում է էկոնոմիակայի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՎԶԵԲ նախագահի առաջին տեղակալ Ֆիլիպ Բենեթը նշել է, որ, Հայաստանի համար նոր զարգացումներով և իրողություններով պայմանավորված, բանկը ցանկություն ունի վերահաստատելու համագործակցության օրակարգը և հետագա ուղիները: Նա նաև նշել է, որ ՎԶԵԲ-ի համար արդիական են մնում Հայաստանում տեղական արժույթով ռեսուրսների հասանելիության բարձրացումը, մունիցիպալ ենթակառուցվածքների բարելավումը, ֆինանսական միջնորդությունների ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ անկախ ԵՏՄ անդամ դառնալու հանգամանքից Հայաստանը շարունակում է համագործակցությունը Եվրոպական Միության հետ:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները, այդ համատեքստում ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող և նախատեսվող ծրագրերը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, էկոնոմիկայի նախարարության տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը, ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը, ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի գծով կառավարիչ-տնօրեն Ֆրանսիզ Մալիժը և ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները