Հասան Ռոհանի. Ահաբեկչության դեմ պայքարի կոչ անող երկրներն առաջին հերթին թո՛ղ ահաբեկիչներին օգնություն չտրամադրեն
«Ահաբեկչության դեմ պայքարի կոչ անող երկրներն առաջին հերթին թո՛ղ ահաբեկիչներին օգնություն չտրամադրեն»,-այդ մասին Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Համաձայն հաղորդագրության՝ Հասան Ռոհանին Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանում, մասնավորապես Իրաքում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես նշել է. «Իրանը համոզված է, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու լիազորություն ունեն միայն Իրաքի կառավարությունն ու ժողովուրդը: Ուստի Իրաքի ժողովուրդն ինչքան համախմբված լինի, այնքան արդյունավետ կարող է պայքարել»:
Իրանի նախագահը, քննադատելով «Իսլամական պետությանը» հովանավորող երկրներին, մասնավորապես նշել է. «Ահաբեկչության դեմ պայքարի կոչ անող երկրներն առաջին հերթին թո՛ղ ահաբեկիչներին ֆինանսական օգնություն չտրամադրեն, ապա նոր դաշինք ձևավորեն»:
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆն օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի՝ Սիրիայի և Իրաքի վրա ռազմական հարձակում գործելու թույլտվություն տալու որոշմանը, քննադատել է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցում որոշ երկրների ընտրած մեթոդները և հավելել. «Տարածաշրջանի երկրները պետք է ներկայիս զարգացումների հանդեպ պատասխանատու քայլեր կատարեն և չնպաստեն տարածաշրջանում իրավիճակի վատթարացմանը»:
Նկատենք, որ նախօրեին Իրան էր մեկնել Լիբանանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սամիր Մողբելը:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի նախագահը Լիբանանի պաշտպանության նախարարի հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանում ահաբեկչության խնդրին և նրա դեմ պայքարելու անհրաժեշտությանը, նշել է, որ Իրանը շարունակելու է հովանավորել տարածաշրջանի, այդ թվում՝ Սիրիայի, Լիբանանի և Իրաքի ժողովուրդներին:
Ընդգծելով Լիբանանի սահմանների պահպանման անհրաժեշտությունը՝ այդ երկրի պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Լիբանանի ժողովրդին Իրանի ցուցաբերած աջակցությունը:
Ավելի վաղ Լիբանան կատարած այցի ընթացքում Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հայտարարել էր, որ բարի կամքից ցուցաբերելով, Իրանը Լիբանանի բանակին սպառազինություն է նվիրելու: Շամխանին հայտարարել էր, որ նվերը մատուցվելու է Լիբանանի պաշտպանության նախարարի Իրան կատարելիք այցի ժամանակ: