Իրանական կինոյի շաբաթ՝ Երևանում
«2015 թվականին Հայաստանը հնարավորինս ակտիվ ներկայացված կլինի Իրանում տեղի ունեցող միջազգային միջոցառումներին»,-այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Մշակույթի նախարար ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ ունեցած հանդիպման ընթացքում բարձր է գնահատել հայ-իրանական մշակութային կապերի զարգացման և Իրանում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախանշվող միջոցառումներին՝ Հասմիկ Պողոսյանը դեսպան Ռեիսիին տեղեկացրել է, որ 2015 թվականին Հայաստանը հնարավորինս ակտիվ ներկայացված կլինի Իրանում տեղի ունեցող միջազգային հարթակներում՝ փառատոներ, ցուցահանդեսներ, գրքի տոնավաճառներ և այլն:
Իրանի դեսպանը տեղեկացրել է, որ մոտ օրերս Երևանում կանցկացվի «Իրանական կինոյի շաբաթ»: Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ Ատրպատականի Հայոց թեմական խորհրդի կազմում գործող պարային խումբը և երգչախումբը ցանկանում են հյուրախաղերով հանդես գալ Հայաստանում: Նախատեսվում է, որ նրանք համերգներով հանդես կգան նաև Սյունիքի մարզում:
ՀՀ մշակույթի նախարարը կարևորել է նախագծի իրականացումը, քանի որ այն կնպաստի սահմանամերձ բնակավայրերում մշակութային կյանքի ակտիվացմանը: