Հայաստանում դրամ-դոլար փոխարժեքի տատանումները արտառոց երևույթ չեն. տնտեսագետ
Դրամ-դոլար փոխարժեքի տատանումների մասին շատ է խոսվում, բայց դա արտառոց երևույթ չէ, զարմանալի կլիներ, եթե տատանումներ չլինեին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կառավարման փորձագետ, տնտեսագետ Հարություն Մեսրոբյանը` անդրադառնալով Հայաստանում դրամ-դոլար փոխարժեքի կտրուկ տատանումներին:
«Ես առանձնապես տատանում չեմ տեսնում, ավելին՝ զարմանալի կլիներ տատանման բացակայությունը: Հայաստանը ֆինանսական շուկայում վարում է լողացող փոխարժեքի քաղաքականություն, իսկ դա ենթադրում է փոխարժեքի տատանում: Եթե մեկ շաբաթվա ընթացքում այդ տատանումը չի անցնում 3 տոկոսը, ապա որպես սպառող պետք չէ ուշադրություն դարձնել դրան»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ մասնագետները միայն պետք է գտնեն այն պատճառները, որոնք բերում են նման տատանումների:
Խոսելով ՀՀ տնտեսության ներկա զարգացումների մասին, Հ. Մեսրոպյանը նշեց, որ ՀՀ-ն մրցունակ չէ մի քանի գործոններով.
«Առաջինն այն է, որ Հայաստանում օլիգարխիան և պետությունը սերտաճած են: Ուստի, անիմաստ է խոսել ինչ-որ առաջընթացի մասին, քանի որ այստեղ օլիգարխիայի գերշահույթն է գործում»:
Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքերով էլ, Հայաստանի տնտեսությունը գահավիժում է. «Մենք վեց տարի մոմի տակ ենք ապրել՝ առանց ջեռուցման, և դա կրկին սպասվում է մեզ: Դա ոչ խելամիտ տնտեսավարման արդյունք է»:
Նա նույնպես կարծում է, որ օլիգարխիան չարիք է, սակայն, ըստ Ա.Պողոսյանի, օլիգարխները կարող են բարի գործ անել ու էլի եկամուտներ ունենան. «Հայաստանը տնտեսական առումով ունի ամենամեծ հաղթաթուղթը. աշխարհում ոչ մի երկիր էլեկտրաէներգիայի ավելցուկ չունի, իսկ մենք ունենք: Օրինակ` տրանսպորտը կարող ենք շահագործել էներգիայով, բայց չենք անում: Մեր տնտեսության ոչ բարվոք վիճակն ավելի շատ ոչ թե կախված է միջազգային իրադարձություններից կամ հարաբերություններից, այլ՝ ներքին ոչ ճիշտ կազմակերպվածությունից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները