Նախագահը ներկա է գտնվել Հատուկ քննչական ծառայության նոր մասնաշենքի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) հատկացված նոր մասնաշենքի բացմանը: Ծառայությունը մինչ նոր՝ մայրաքաղաքի Վաղարշ Վաղարշյան 13ա հասցեում գտնվող շենք տեղափոխվելը, գտնվել է ՀՀ գլխավոր դատախազության շենքում` ծառայության գործունեության համար ոչ բավարար տարածքով առանձին հարկաբաժնում: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Նախագահը շրջել է նորաբաց մասնաշենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, Հատուկ քննչական ծառայության անձնակազմի հետ խոսել ծառայության առջև դրված խնդիրների և նոր ու բարենպաստ պայմաններում գործառույթների առավել արդյունավետ իրականացման անհրաժեշտության մասին, հաջողություններ մաղթել ծառայությանը՝ հետագա գործունեության ընթացքում:
Նշելով, որ Հատուկ քննչական ծառայությունն իր ստեղծման առաջին օրից եղել է մեր երկրի իրավապահ համակարգի կարևոր բաղադրիչը, Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ կարճ ժամանակահատվածում այն կարողացել է ձեռք բերել իր առաքելությանը համարժեք հեղինակություն:
«Մենք այլընտրանք չունենք: Մենք ընտրել ենք առավել արդյունավետ պետական կառավարման և պետություն-հասարակություն ներդաշնակ վերընթացի ապահովման դժվարին, բայց միակ ճանապարհը: Եվ այս ճանապարհը, անշուշտ, ունի շատ նրբություններ: Բայց միևնույն ժամանակ, այս ճանապարհն ունի նաև հիմնարար կանոններ, որոնք մենք պարտավոր ենք ապահովել: Առաջին հերթին մենք մշտապես, ամեն օր մեր քայլերով ուղերձ ունենք հղելու այն մասին, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու՝ բարձրաստիճան պաշտոնյայի, թե դեռ որևէ հարմար աշխատանք չգտած և այդպիսին փնտրող քաղաքացու իրավունքները պաշտպանված են հավասարապես լիարժեք, բայց օրենքի առջև պատասխանատու են նույնպես հավասարապես և լիարժեք: Մենք շատ ուրախ կլինենք և թեթևացած հոգով կարձանագրենք, որ անցել ենք մեր իսկ կողմից նախանշված այս ճանապարհը միայն այն ժամանակ, երբ տեսնենք, որ մեր հասարակության մեջ արդեն տիրապետող է համոզմունքը, որ անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից՝ օրենքի առջև հավասար են և պատասխանատու բոլորը: Մենք այս հանգրվանին ենք ձգտում, և, կարծում եմ, ձեզնից յուրաքանչյուրը շատ լավ հասկանում է, թե որքան մեծ դեր ունի ինքը այս բարդ, բայց պատվաբեր գործընթացում»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Դիմելով Հատուկ քննչական ծառայության անձնակազմին՝ նախագահն ընդգծել է, որ ծառայության գործունեության վերաբերյալ օրենքով նախատեսված տարեկան գրավոր հաղորդումների ուսումնասիրությունները, հրապարակային և թափանցիկ գործելաոճը հստակ ցույց են տալիս ծառայության հետևողական առաջընթացն ու զարգացումը:
«Միգուցե քիչ հաստատություններում եմ ես այսպիսի գնահատականներ տալիս, բայց ես սա ասում եմ անկեղծ: Եվ սա ակնառու դրսևորվում է աշխատանքային դրական ցուցանիշներ ունենալու, հակակոռուպցիոն ակտիվ գործունեություն ծավալելու, օրենսդրության կատարելագործման ոլորտում նախաձեռնողականություն ցուցաբերելու մեջ, ինչպես նաև ձեր ամենօրյա գործունեությանն առնչվող այլ հարցերում: Առանձնակի կարևորվում է ձեր դերակատարումը խոշտանգումների դեմ պայքարում: Չնայած վերջին տարիներին մեզ համար բացարձակապես անընդունելի այս երևույթի կանխման ուղղությամբ արձանագրված դրական արդյունքներին, ձեր մասնագիտական կառույցի խնդիրն է շարունակել համաչափ արձագանքել նման դեպքերին և ապահովել դրանց արդարացի ու արդյունավետ քննությունը»,-նշել է Հանրապետության նախագահը:
ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Աշոտ Արմենի Օհանյանին Երևանում հատկացվել է բնակարան՝ ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու և աշխատանքային ու կատարողական բարձր կարգապահություն ցուցաբերելու համար՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1414-Ն և 2014թ. հոկտեմբերի 2-ի թիվ 1055-Ն որոշումների պահանջները: Հանրապետության Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել խրախուսանքի արժանացած բազմազավակ աշխատակցին:
ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանն իր և ծառայության ամբողջ անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ ծառայության կայացման, ծառայողների իրավական և սոցիալական ապահովվածության, աշխատանքային պայմանների բարելավման գործում ցուցաբերած ուշադրության և հետևողական աջակցության համար՝ վստահեցնելով, որ նման վերաբերմունքը և աշխատանքին տրված գնահատականը նոր խթան կհանդիսանան քննիչների կողմից իրենց գործառույթներն է՛լ ավելի լավ և անմնացորդ կատարելու համար՝ ի նպաստ իրավակարգի, օրինականության ամրապնդման, ի շահ մեր ժողովրդի և պետության: