Անրի Ռենո. Հայաստանը շատ ոլորտներում մերձեցել է Եվրոպային
Հայաստանում քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտներում վերջին չորս տարիներին գրանցվել է առաջընթաց: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Նշենք, որ ասուլիսը հրավիրվել էր դեսպանի՝ ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի առիթով: Անրի Ռենոն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան է 2010 թվականի հոկտեմբերից:
«Երբ եկա Հայաստան, այն ժամանակ խոսում էին այնպիսի խնդիրների մասին, որոնք այսօր չկան, որոնց մասին այսօր չի խոսվում»,- ասաց դեսպանը:
Նա նշեց, որ չնայած միջազգային իրավիճակին, Հայաստանում տնտեսական բնագավառում էլ առաջընթաց արձանագրվել է:
Ա. Ռենոն նշեց, որ Հայաստանում վերջին չորս տարվա մեջ շատ բան է փոխվել, շատ ոլորտներում մերձեցել է Եվրոպային. «Չի նշանակում, որ Հայաստանում խնդիրներ չկան: Բայց ո՞ր երկիրը խնդիր չունի: Նույնիսկ Ֆրանսիան ունի խնդիրներ, այն էլ լուրջ խնդիրներ»:
Նա նաև նշեց, որ պետք չէ մոռանալ, որ Հայաստանը քսան տարվա անկախություն ունեցող պետություն է:
Խոսելով Սահմանադրական բարեփոխումների ու մասնավորապես կառավարման համակարգի փոփոխման մասին, դիվանագետն ասաց, որ ամեն մի երկիր ինքը պետք է փնտրի ու գտնի իր երկրին համապատասխան կառավարման համակարգ, պետք չէ հետևել այլ երկրի փորձին:
Անրի Ռենոն լրագրողներին ասաց, որ իր հետ Հայաստանից տանում է հայուհիների ժպիտն ու հայկական խաչքար: