Փոխվարչապետի թափուր պաշտոնի հարց չի քննարկվել. վարչապետ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով փոխվարչապետի թափուր պաշտոնի հարցին՝ հայտնեց, որ այդ հարցը դեռևս որևէ մեկի հետ չի քննարկել: Դիտարկմանը, թե շրջանառվում են Գագիկ Բեգլարյանի, Վարդան Այվազյանի անունները, վարչապետը պատասխանեց. «Դո՞ւք եք որոշում: Անկեղծ ասած, ոչ մեկի հետ ոչ մի հարց չենք քննարկել: Կքննարկենք»:
Հարցին, թե տեսակետ կա, որ ՀՅԴ-ին հրավիրում են կոալիցիա, գուցե ՀՅԴ-ին տա՞ն այդ պաշտոնը, Հ.Աբրահամյանը նկատեց, որ նորություն է լսում, մամուլը շատ բան է քննարկել:
Անդրադառնալով ընդդիմության այն պնդմանը, թե Հայաստանում կառավարման ճգնաժամ կա, Հ.Աբրահամյանն ասաց, որ նման բան չկա:
Նրա խոսքերով` բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացնում են և Ազգային ժողովի հավանությանը որ կարժանանա, իրատեսական են, և կյանքի կկոչվեն 2015 թվականին:
«Ամեն դեպքում այսօր մեր հանդիպումները, մեր կառավարության ակտիվությունը, մեր այցելությունները փորձում են հիմքեր ստեղծել, որպեսզի մեր տնտեսության զարգացումն ապահովենք: Դուք բոլորդ գիտեք, որ այս արագ փոփոխվող աշխարհում մեծ խնդիրներ կան՝ տարածաշրջանային, Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններ, որոնք ուղղակի իրենց բացասական ազդեցությունը կարող են ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Բայց դրա համար մենք լրացուցիչ միջոցներ ենք փորձում փնտրել, քայլեր, նախաձեռնություններ, որպեսզի կարողանանք ապահովել 4 տոկոս տնտեսական աճը, որ մենք նախատեսում ենք 2015 թվականի բյուջեում»,- ասաց Հ.Աբրահամյանը:
Ամեն դեպքում, ըստ վարչապետի, իրենք այսօր հակված են առկա խնդիրներին տալ լուծում, քանի որ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց բոլորն էլ ականատես են լինում:
«Կառավարության առջև հավաքվում են բնակիչներ, որոնք ունեն տարիներով կուտակցված խնդիրներ: Դրանք պետք է մենք կամաց-կամաց լուծելով գնանք: Ունենք լուծելու նաև մեր սոցիալական խնդիրները, որ այսօր առկա են, որից որ այսօր ածանցվում է արտագաղթ, աղքատություն: Մենք պետք է ձեռնամուխ լինենք աղքատության նվազեցմանը և նաև արտագաղթի նվազեցմանը: Մենք հայտարարել ենք, դուք բոլորդ գիտեք, որ մեզ համար գերական մեր քաղաքացիներն են, մեր քաղացիների սոցիալական խնդիրներն են»,- նշեց վարչապետը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով եռյակի հանրահավաքին, մասնավորապես պատասխանելով հարցին, թե եռյակն ասում է՝ իշխանափոխություն է անում, արդյոք անհանգստացած չե՞ք, նշեց. «Ինչի՞, հանրահավաքի համա՞ր, բա ժողովրդավար երկիր ենք, պիտի հանրահավաք արվի: Իշխանափոխության մասին ես կոնկրետ որևէ հիմք չեմ տեսնում: Պահանջը 12 պլուս մեկ կետերի մասին է: Մենք գրավոր պատասխանել ենք»:
Հարցին, թե եռյակն ասում է, որ պահանջը իշխանափոխությունն է, վարչապետը նշեց, որ իշխանափոխություն ասելով չէ, պետք է հիմքեր լինեն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները