Դեսպան. Նախագահների առաջիկա հանդիպումը նոր լիցք կհաղորդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով մոտակա օրերին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Փարիզում նպատակ ունի նոր լիցք հաղորդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
«Առանց մանրամասներ հաղորդելու՝ դիվանագիտական նպատակներից ելնելով նշեմ, որ Ֆրանսիայի նախագահը ցանկանում է նոր լիցք հաղորդել բանակցություններին բովանդակային իմաստով և գտնել հակամարտության կարգավորման լուծում»,- ասաց դեսպանը:
Երկրորդ նպատակը, ըստ նրա, երկու կողմերը կարողանան ստեղծել վստահության մթնոլորտ, որով պայմանավորված կլինի իրավիճակի փոփոխություն շփման գծի վրա կամ հայ-ադրբեջանական սահմանին:
Ա. Ռենոն ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտություն կարգավորման միակ ճանապարահը բանակցային տարբերակն է, այլ ճանապարհ չկա: Նա նաև նշեց, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը հանձնարարված է ԵԱՀԿ Մինսկի խմբին, այն Մինսկի խմբի բացառիկ իրավասությունների մաս է կազմում:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հեռանկար տեսնում եք, հաշվի առնելով օգոստոսին Սոչիում կայացած ՌԴ, ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հնչող այն խոսակցությունները, թե ՌԴ-ն ցանկանում է ձևաչափից դուրս գործընթաց ծավալել, Ադրբեջանն էլ իր հերթին է դժգոհում այս ձևաչափից, դեսպանը կրկնեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բացառիկ իրավասության տակ և հենց այդ իրողությունից ելնելով էլ առաջիկայում Փարիզում կկայանա նախագահների հանդիպում: Դեսպանը խորհուրդ տվեց հնչող կարծիքներին, խոսակցություններին չհավատալ, դրանց մեծ մասը կեղծ են լինում: