Դեսպան. Հայաստանի ապագան խոստումնալից է
Հայաստանը շարունակում է մնալ Արևելյան գործընկերության ծրագրի բավականին ուժեղ գործընկերը: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո էլ չզլացավ ընդգծել Եվրամիության հետ համագործակցությունը շարունակելու հակվածության մասին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկումներ արեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
«Հայաստանի՝ Եվրամիություն հետ գործընկերությունը շարունակելու ցանկությունն արտացոլված է նախորդ տարի Վիլնյուսում ընդունված հայտարարության մեջ, որը բավականին հավակնոտ և ստույգ շարադրված տեքստ ունի: Հայտարարության մեջ հստակ նշված են Հայաստան-Եվրամիություն ապագա համագործակցության ոլորտները: Ապագայի խնդիրը կայանում է նրանում, որ հայտարարության մեջ ամրագրված դրույթներն իրագործվեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դիրքորոշմանը ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցության հարցին, դեսպանը նշեց, որ այն հստակ ու միանշանակ հանրահռչակված է Հանրապետության նախագահի կողմից արված հայտարարության մեջ, ըստ որի Հայաստանին պետք է հնարավորություն ընձեռվի ստորագրել Ասոցացման համաձայնագիրը՝ չմոռանալով այդ պահին այն անհրաժեշտությունները, որոնցից ելնելով Հայաստանը կայացրեց ԵՏՄ-ին անդամակցելու որոշում:
«Այն հստակ արված հայտարարություն էր, որն ընկալվեց ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանի սահմաններից հեռու»,- ասաց դեսպանը:
Ա. Ռենոյի խոսքով, ԵՄ-ի խնդիրն է պահպանել սերտ հարաբերություններ Հայաստանի հետ, ԵՄ-ն պետք է անընդհատ երկխոսության մեջ լինի Հայաստանի հետ, կարևոր է, որ ԵՄ ևս մեկ անգամ ընդգծի, որ իսկապես շարունակում է գործընկերությունը Հայաստանի հետ լուծելու, տարբերակներ գտնելու այն խնդիրների կարգավորման ուղղությամբ, որոնք առնչվում են նաև իրենց:
«Հայաստանի ապագան խոստումնալից է»,- ասաց դեսպանը: