Ա.Աշոտյան. Լավ է Լևոն Տեր-Պետրոսյանի անվան համալսարան չբացեցիք, դա էլ կարող էիք բացել
Ինչպես բացատրել մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում տարվող քաղաքականությունը: Այս հարցը ԱԺ-ում հնչեցրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ներկայացնելով իր մտահոգությունը առաջացրած պատկերը:
«Գարնանը կառավարությունը հաստատել էր պետական բուհերի ընդունելության թվերը՝ 15.146 տեղ պետական բուհերում, 9 080 հեռակա և մասնավոր պետխատվեր՝ 3695: Սա կառավարության ծրագիրն էր, բայց ես տեղյակ եմ պահում, որ 15 հազար տեղի համար դիմում եղել է ընդամենը 12 հազարը: Խոսքը դիմումների մասին է և ոչ թե ընդունվածների: Մեկ հազար դիմում էլ Լեռնային Ղարաբաղից: Այսինքն` 15 հազար տեղի համար ընդամենը 13 հազար դիմում: 9 հազարից ընդունվել է 4500-ը, իսկ մասնավոր բուհերի 3700 տեղից ընդհանուր քննություններով ընդունվել է 43 հոգի: Ընդհանուր առմամբ այս պետական բիզնես ծրագրի 10 հազար թիվը չի լրացվել՝ «նեդոբոռ է եղել» . դիմորդների թիվը ավելի քիչ է, քան հատկացված տեղերն են: Եվ ես խնդրում եմ կառավարությանը պատասխանի՝ սա ի՞նչ ծրագիր է, ով է այդ ծրագրի տերը և ով է այն կազմել և ինչն է պատճառը այս անմխիթար իրավիճակի»,- ասաց նա:
Արձագանքելով հարցադրման ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նախ հայտարարեց, որ սիրողական մակարդակի հետախուզական հարցումները կարող էին ուղղակի անել ընդունված կարգի համաձայն և որպես ԱԺ պատգամավոր ճշտել նախարարությունից:
«Ես տեղյակ եմ, որ զանգել եք ու երևի թե թուղթ ու գրիչը ձեռքին, որոշ դեպքերում էլ կապը երևի թե լավը չի եղել ամբողջական տվյալները չեք ստացել ու այսպես ասած ոտքի վրա թվեր եք գրել՝ սիրողական բնույթի գնահատականներ տալու համար»,- նշեց նա:
Անդրադառնալով կրթության ոլորտի բուն քաղաքականությանը Ա.Աշոտյանը հայտարարեց, որ կառավարությունը, հաշվի առնելով ծնողների հոգեբանական գործոնը, մի քանի տարի ավելի տեղ է գրում, քան կանխատեսվում է դիմորդների քանակը: Եվ սա լրջագույն հոգեբանական ազդեցություն է թողել:
Ա.Մանուկյանին, սակայն, Ա.Աշոտյանի այս և մյուս պարզաբանումները հավանաբար դուր չեկան, նա անգամ իր զայրույթը արտահայտեց: ԿԳ նախարարն էլ ասաց, որ գիտի, որ բոլոր հարցերի տակ առկա է մասնավոր շահը, որն ակնհայտ է: Եվ փորձեց հակիրճ ներկայացնել 90-ականներից կուտակած քաղաքականության արդյունքը, ինչը հանգեցրեց նոր բանավեճի ԱԺ-ում:
«90-ականներին բացել եք մասնավոր բուհեր, մարդկանց տվել եք գունավոր թղթի կտորներ, ում անունով ասես համալսարան եք բացել՝ Մսրա Մելիքի անվան համալսարան և այլն: Լավ է Լևոն Տեր-Պետրոսյանի անվան համալսարան չբացեցիք, դա էլ կարող էիք բացել: Էնքան փող են աշխատել մարդիկ, հազարավոր խեղված ճակատագրերի հաշվին»,- ասաց նա:
Մանրամասները՝ Panorama.am-ի տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան