Իրանի ու Հայաստանի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության մթնոլորտում
Իրանի միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցող դրական տեղաշարժերը և Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության միանալու հանգամանքը հաշվի առնելով՝ Թեհրանն ու Երևանը փորձում են առավել ակտիվացնել երկկողմ շփումները: Ներկա իրողության պայմաններում թե՛Հայաստանի, թե՛ Իրանի մոտ մի շարք հարցեր են առաջացել, որոնք քննարկման և պարզաբանման կարիք ունեն: Նախորդ տարի երկկողմ առևտրաշրջանառության ծավալները կազմել են շուրջ 300 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը չի բավարարում ո՛չ հայկական և ո՛չ էլ իրանական կողմին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպում է ունեցել նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Սպահանի նահանգապետ Ռասուլ Զարգարփուրի հետ, ինչպես նաև մասնակցել Սպահանի հայկական Ս.Ամենափրկիչ հայկական եկեղեցու հիմնադրման 350-րդ տարեդարձի միջոցառմանը:
Այցի ընթացքում բացի տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցերի քննարկումից, հայկական և իրանական կողմից հնչեցին հայտարարություններ, որոնք վկայում են, որ երկու երկրների իշխանությունների մոտ առկա է փոխադարձ վստահության մթնոլորտ և քաղաքական կամք՝ զարգացնելու երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից մինչև մշակույթ:
Քաղաքական
Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին, երբ մեր անմիջական երկու հարևաններն իրենց գործողություններով ուղղակիորեն և անուղղակիորեն նպաստում են տարածաշրջանում անկայունության առաջացմանը, Հասան Ռոհանին հայտարարեց, որ Իրանը բարձր է գնահատում Հայաստանի՝ տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ ունեցած դրական դիրքորոշումն ու կեցվածքը: Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2015 թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը մասնակցելու՝ Հասան Ռոհանիին ուղարկած հրավերը կարևոր էր հատկապես այն առումով, որ, հաշվի առնելով Սիրիայի և Իրաքի հարցում Թեհրանի և Անկարայի լարված հարաբերությունները, Իրանը ի վերջո հստակություն կմտցնի Հայոց ցեղասպանության հարցում ունեցած պաշտոնական դիրքորոշման մեջ:
Տնտեսական
Այցի ընթացքում որոշում կայացվեց ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի նախագահությամբ ստեղծել համատեղ բարձրագույն հանձնաժողով: Իրանի նախագահի առաջին տեղակալը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու փաստին, նշել է, որ դա լավ առիթ է, որպեսզի Իրանի և Հայաստանի մասնավոր հատվածի ներկայացուցիչներն օգտվեն դրանից և ներդրումներ կատարեն:
Մշակութային
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մասնակցելով Սպահանի հայկական Ս.Ամենափրկիչ հայկական եկեղեցու հիմնադրման 350-րդ տարեդարձի միջոցառմանը, հայտարարեց, որ Իրանում հայերի և մուսուլմանների ջերմ հարաբերություններն օրինակելի են աշխարհի համար: Սիրիայում և Իրաքում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով մեծ վնասներ կրեցին հայկական մշակութային օջախները, իսկ այդ երկրներում հաստատված հայկական համայնքները կանգնեցի կազմալուծման վտանգի առաջ՝ կորցնելով իրենց երբեմնի ունեցած հզոր ազդեցությունը: Թերևս աշխարհում Իրանը միակ մուսուլմանական երկիրն է մնացել, որտեղ հայկական մշակութային օջախները ոչ միայն գտնվում են պետական հոգածության ներքո, այլև նրանց ջանքերով ընդգրկվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Արմեն Իսրայելյան, իրանագետ
Թեմայի առնչությամբ հեղինակի այլ մեկնաբանությունները՝
Իրան-Հայաստան գազային համագործակցությունը խորացնելու համար անհրաժեշտ է անվտանգության բարենպաստ միջավայր
Որքա՞ն է կազմում Իրանի և Հայաստանի ապրանքաշրջանառությունը, ի՞նչ ապրանքներ են ներմուծվում և արտահանվում
Հայկական «լոբբին» կօգնի՞ արդյոք Իրանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում