Կառավարությունը պատրաստ է ցանկացած ձևաչափի քննարկումների. Արտեմ Ասատրյան
«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ արդեն մեկնարկած հանրային լսումների շրջանակներում այսօր տեղի է ունեցել հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Սոցիալական ապահովության ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ քննարկել է նպաստների ուղղությամբ կատարվող ծախսերի հասցեականությունն ու արդյունավետությունը, ներկայացրել սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը այդ ծախսերի վրա:
Քննարկման ընթացքում հնչել են բազմաթիվ հարցեր, տրվել են պարզաբանումներ: Արդյունքում, բարձրաձայնվել են հետևյալ կարծիքները, մասնավորապես` հաշվարկել մինչև 300 000 վերին շեմ, քանի որ այդ դեպքում ցածր աշխատավարձ ստացողները չեն տուժի, եղել է նաև առաջարկ չաշխատող կանանց նույնպես տրամադրել 18 000 երեխայի խնամքի նպաստ:
Հանդիպման երկրորդ փուլին հասարակական կազմակերպությունների հետ քննարկմանը միացել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով շատ է կարևորել օրենքի նախագծային փուլում հանրային լսումները:
«Ցանկացած առաջարկություն բխում է բոլորիս նպատակներից ու շահերից և դրանք պարտադիր պետք է քննարկվեն:
Կառավարությունը պատրաստ է ցանկացած ձևաչափի քննարկումների: Մենք բաց ենք հանրային քննարկման համար, բաց ենք լսել և ընդունել ողջամիտ առաջարկներ և հանրային լսումներին նախատեսում ենք մասնակից դարձնել պատգամավորներին, գործատուներին, շահագրգիռ բոլոր կողմերին»,- շեշտել է նախարարը:
Նախարարության փոխանցմամբ` առաջիկայում հանրային լսումներ կիրականացվեն նաև գործատուների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: