Աննա Աստվածատրյան-Տուրկոտը հերքել է ադրբեջանական մամուլի՝ իր դեմ ուղղված ապատեղեկատվությունը
Արցախյան պատերազմի հայ փախստականների մասին պատմող «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի հեղինակ Աննա Աստվածատրյան-Տուրկոտը հերքել է ադրբեջանական իշխանամետ ԱՊԱ լրատվական գործակալության տեղեկությունը, թե իբր Ամստերդամի համալսարանում իր գրքի ներկայացման ժամանակ ադրբեջանցիները նրան սադրիչ հարցեր են ուղղել:
Գրքի հեղինակն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանական լրատվական գործակալության տեղեկությունը հանդիսանում է այդ երկրի կառավարության կողմից տարածվող ստի հիանալի օրինակ»:
Աստվածատրյան-Տուրկոտը նաև շեշտել է՝ Ամստերդամի միջոցառումն ամբողջությամբ տեսագրվել է: Տեսագրության ընթացքում կարելի է նկատել ընդամենն ադրբեջանական «իշխանական սպասավորներին», որոնք առանց նույնիսկ մեկ հարց ուղղելու՝ բթացած հայացքներով դուրս են գալիս դահլիճից:
«Դա այդպես է, քանի որ հարցնելու ոչինչ չկա, երբ բախվում են ճշմարտության հետ»,-հավելել է հեղինակը:
Հիշեցնենք, որ 2014 թ. սեպտեմբերի սկզբին Երևանում կայացել էր Աստվածատրյան-Տուրկոտի հեղինակած, ԱՄՆ-ում լույս տեսած «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի ներկայացման արարողությունը: Ադրբեջանական կողմը ցավագին է ընդունել գրքի առկայության իրողությունը, քանի որ այն ընդգրկում է հեղինակի անձնական օրագրից քաղված հիշողությունները, որոնք նկարագրում են Ադրբեջանում բնակվող հայերի՝ 1988-1992 թթ. հալածանքների և սպանությունների փաստերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան