Ադրբեջանում քաղբանտարկյալներից բացի կան նաև «քաղաքական պատանդներ»
«Ադրբեջան առանց քաղբանտարկյալների» հասարակական դաշինքը զեկույց է պատրաստել Ադրբեջանի տարբեր շրջանների քննչական մեկուսարաններում ու կալանավայրերում քաղբանտարկյալների իրավունքների խախտումների վերաբերյալ, որտեղ կիրառվել է նաև «քաղաքական պատանդներ» հասկացությունը, հաղորդում է ադրբեջանական Modern.az կայքը:
Ըստ զեկույցի՝ քաղաքական պատանդներն իշխանության բռնաճնշումներին ենթարկված, դրանց հետևանքով գործունեությունը սահմանափակած և վերահսկողության ներքո պահվող, երկիրը լքելու արգելքի ենթարկված հասարակական քաղաքական ակտիվիստներն են, նրանց ազգականները, գործարարները և այլոք:
«Քաղբանտարկյալների, քաղաքական վտարանդիների նման քաղաքական պատանդները ևս այս վարչակազմի զոհերն են: Փաստաթղթում ներկայացված է Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների ցանկ, որին դաշինքը որոշ հավելումներ է կատարել»,-հայտնում է կայքը:
Զեկույցում առկա է բանտարկյալներին խոշտանգող պաշտոնյաների «սև ցուցակը», որի առնչությամբ այս պահի դրությամբ մանրամասներ չեն հրապարակվել:
Համաձայն աղբյուրի՝ զեկույցում ծավալուն անդրադարձեր կան կալանավայրերում տիրող կոռուպցիայի, բանտարկյալների խոշտանգումների, նրանց պահման անտանելի պայմանների, նրանց նկատմամբ ցուցաբերվող անմարդկային վերաբերմունքի մասին:
Շեշտվում է, որ Ադրբեջանի քրեակատարողական ծառայությունը հանրության համար փակ կառույց է, որը չի պատասխանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների հարցումներին՝ չթողնելով իր տարածք մուտք գործել անկախ իրավապաշտպաններին:
Հիշեցնենք, որ Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալը սեպտեմբերի վերջին հանդես էր եկել վերլուծական հոդվածով՝ նշելով, որ Ադրբեջանում կա 98 քաղբանտարկյալ, որոնց շարքում են Յունուս ամուսինները, Ռաուֆ Միրկադիրովը, Ինթիգամ Ալիևը: Դե Վալն անդրադարձել էր նաև Ադրբեջանում արտասահմանից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների գործունեության համար ստեղծված խոչընդոտներին: