Հայերը պայքարում են Կոնստանդնուպոլսի նոր պատրիարքի ընտրության իրավունքի համար
Կոնստանդնուպոլսի պատրիարք Մեսրոբ Մութաֆյանի երկարամյա հիվանդությունը և վերջին շրջանում փաստացի անաշխատունակությունը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում նոր պատրիարք ընտրելու անհրաժեշտության շուրջ քննարկումների առիթ է դարձել: Այս մասին տեղեկացնում է «Daily Sabah» պարբերականը:
Մեսրոբ Մութաֆյանի` 2008 թ-ից Ալցհեյմերի հիվանդությամբ տառապելու պատճառով գործնականում նրա պարտականությունների կատարումը հանձնվել է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին: Ստեղծված իրավիճակում Արամ Աթեշյանը դարձել է պատրիարքի փոխանորդ այն դեպքում, երբ եկեղեցական հիերարխիան չի նախատեսում նման պաշտոն:
Հիմք ընդունելով սույն իրավիճակը` հայ համայնքի ներկայացուցիչները դիմել են Թուրքիայի ներքին գործերի նախարարություն` նոր պատրիարքի ընտրության թույլտվություն ստանալու համար: Գերատեսչության կողմից խնդրանքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ նոր պատրիարք չի կարող ընտրվել այնքան ժամանակ, քանի դեռ գործող պատրիարքը կենդանի է: Այս պահին համայնքը դատարանում վիճարկում է նոր պատրիարքի ընտրության արգելքը:
Թուրքական պարբերականի փոխանցմամբ` հայ համայնքում քննարկումներ են ծավալվել նաև այն հարցի շուրջ, թե արդյոք նոր պատրիարքը ընտրվելու դեպքում պետք է լինի համապատրիարք, թե՞ ոչ:
Նոր պատրիարք ընտրելու անհրաժեշտության մասին պարբերականի հետ զրույցում նաև նշել է Սուրբ Ամենափրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Բեդրոս Շիրինօղլուն` շեշտելով, որ խոսքը գնում է ոչ թե Աթեշյանին հեռացնելու մասին, այլ այն մասին, որ չի կարելի 7 տարուց ավել մնալ որպես պաշտոնակատար:
Շիրինօղլուն ընդգծել է, որ նոր պատրիարք ընտրելու առաջարկով է հանդես եկել նաև Մեսրոբ Մութաֆյանի ընտանիքը:
Կոնստանդնուպոլսի պատրիարքությունը Մեսրոբ Մութաֆյանի կողմից ղեկավարվում է 1998 թվականից, երբ իր մահկանացուն կնքեց Գարեգին Երկրորդ Ղազանչյանը: