«Սուրիկ Խաչատրյանի կնոջ խուսափողական պատասխաններն ավելի ակնհայտ են դարձրել, որ մենք ճիշտ ենք եղել». փաստաբան
Բուդաղյանների գործով նախօրեին կայացած դատական նիստում հարցաքննվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինը՝ տուժող Լորետա Բարսեղյանը: Panorama.am-ի հետ զրույցում Բուղադյանների փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ նա շատ հարցերից խուսափել է պատասխանլ, ինչն էլ ավելի ակնհայտ է դարձել, որ իրենք ճիշտ են եղել ու ճիշտ են մեկնաբանել իրականությունը:
«Վկան այնպես արեց, որ մեր կասկածները շատացան: Երբ չէր պատասխանում հարցերին, հասկանում էինք, որ այդտեղ խնդիր կա»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ դատարանն էլ է նրա պահվածքը գնահատել որպես հարցերի պատասխաններից հրաժարում, թեև Լորետա Բարսեղյանն ասում էր, որ չի հրաժարվում, բայց չի էլ պատասխանում:
Հայկ Ալումյանը ներկայացրեց մի քանի հարց, որոնց վկան հրաժարվել է պատասխանել. «Օրինակ՝ ի՞նչ կապ ունի ձեր ընտանիքի հետ Զարզանդ Նիկողոսյանը և Նիկոլակ Աբրահամյանը: Չի պատասխանում: Ասում եմ՝ նրանք թիկնապահնե՞րն են, չի պատասխանում: Իսկ այն հարցին, թե ի՞նչ կապ ունի Արագած Ղևոնդյանը, նա պատասխանում է՝ մեր ընտանիքի վարորդն է: Այսինքն Զարզանդ Նիկողոսյանի և Նիկոլայ Աբրահամյանի կարգավիճակի հետ կապված թաքցնելու բան ունի: Ասում է՝ դրանք մեր ընտանեկան հանգամանքներին վերաբերող հարցեր են: Այն հարցին, թե իրե՞նց տանը քանի տեսախցիկ է տեղադրված, որովհետև խնդիր ենք տեսնում, որ ոչ բոլոր տեսախցիկների տեսագրություններ են այսօր ներկայացված, չի պատասխանում, ասում է որ դրանք դեպքից երկու օր առաջ են տեղադրվել: Որ կողմո՞ւմ է գտնվում Սուրիկ Խաչատրյանի ննջարանը, չի պատասխանում: Չի պատասխանում նաև այն հարցին, թե այն գոռգոռոցները, հայհոյանքները, որ դուք նկարագրել եք նաև ձեր ցուցմունքով՝ փորձելով ապացուցել, որ Արտակ Բուդաղյանը սպառնում և հայհոյում էր, հնարավո՞ր չէր լսվեր Սուրիկ Խաչատրյանի ննջարանում»:
Փաստաբանն ասաց, որ Լորետա Բարսեղյանին դեռ շատ հարցեր ունեն ուղղելու: Հարցաքննությունը շարունակվելու է: Դատական հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 3-ին:
Ըստ մեղադրական եզրակացության, Արտակ Բուդաղյանն իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013թ ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը` ժամը 23-ի սահմաններում, ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: ՊՆ քննչական ծառայության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական գործը կարճվել էր անհրաժեշտ պաշտպանության հիմքով, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել: Արտակ Բուդաղյանը հրաժարվել է իր նկատմամբ տարածվող համաներում հայտարարելու մասին 2013-ին ԱԺ ընդունած որոշումը կիրառելուց և հայտարարել, որ պետք է գործը հասնի դատարան:
Նախորդող հրապարակումներ՝
«Դուք դրան մատների արանքով ենք նայում». Արտակ Բուդաղյանի գործով տուժողի փաստաբանը դժգոհում է
Սուրիկ Խաչատրյանի տան տեսախցիկներից մեկը նաև ձայն է գրել. Փաստաբանի բացահայտումները
«Անհերքելի ապացույցներ ունենք, որ Սուրիկ Խաչատրյանն ավտոմեքենայում հարվածներ հասցրել է Ավետիք Բուդաղյանին». Փաստաբան
Արտակ Բուդաղյանը նպատակ է ունեցել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին. Մեղադրական
Արտակ Բուդաղյանը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաև Սուրիկ Խաչատրյանի դղյակից. Փաստաբանի բացահայտումը (տեսանյութ)
«Սուրիկ Խաչատրյանի որդու մեզի ու մազի մեջ թմրանյութեր են եղել».ՊՆ քննչական ծառայությունը հերքում է Ալումյանի հայտարարությունները
Ավետիք Բուդաղյանը եղել է հաշտարարի դերում և ագրեսիա չի ցուցաբերել, բայց իր վրա կրակել են. Փաստաբանի բացահայտումը